Բաժիններ՝

Ուկրաինայի ՊՆ-ը հերքել է Կիև տանկեր տեղափոխելու մասին տեղեկատվությունը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ՊՆ-ը հերքել է տեղեկություններն այն մասին, որ տանկեր է փոխադրում Կիև, ուր վերջին օրերին չեն դադարում ոստիկանության ու ցուցարարների միջև բախումները: Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է գերատեսչության կայքում:

Ցամաքային զորքերի 8-րդ բանակային կորպուսի տանկային բրիգադների շտաբի պետը հաստատել է, որ տեղի է ունեցել ռազմական տեխնիկայի տեղաշարժ, սակայն ընդգծել է, որ Т-64 տանկերը չեն շարժվում մայրաքաղաքի ուղղությամբ: Նրա խոսքերով՝ այդ տեղաշարժն իրականացվել է պլանային կազմակերպչական միջոցառումների շրջանակներում:

Ուկրաինայի ՊՆ-ը նաև հայտնել է, որ ռազմական ստորաբաժանումներն ու զորամասերը ներկայումս գտնվում են իրենց տեղերում: Տանկերը Կիև տեղափոխելու մասին տեղեկատվությունն ավելի վաղ տարածվել էր ուկրաինական ԶԼՄ-ներում ու սոցցանցերում:

Միևնույն ժամանակ Ecpreso.tv-ն, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ զինվորականները պատրաստվում են ողջ Ուկրաինայում մտցնել արտակարգ դրություն: Աղբյուրները հայտնել են, որ բոլոր սպաները մայրաքաղաքից հրահանգ են ստացել սեփական ուժերով հասնել Կիև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս