Շանթ Հարությունյանը մինչև մարտի 5-ը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանի բողոքը

Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ մերժեց Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի բողոքը. Շանթ Հարությունյանը մինչև մարտի 5-ը կմնա կալանքի տակ: Դեկտեմբերի 28-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Շանթ Հարությունյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին: Ի. Պետրոսյանն ասաց, որ եռօրյա ժամկետում կստանա դատարանի որոշումը, և կիմանա՝ ինչ հիմնավորմամբ է մերժվել իր բողոքը:

Ըստ Ինեսսա Պետրոսյանի՝ ինքը փաստարկներ է ներկայացրել այն մասին, որ բացակայում է հիմնավոր կասկածն այն մասին, որ  Շանթ Հարությունյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող արարքին: Նշենք, որ Շ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնությւոն գործադրելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով): Ըստ Ի. Պետրոսյանի՝ Շ. Հարությունյանին մեղադրում են ոստիկանին հարվածելու համար, սակայն նա ոչ մի կերպ չէր կարող իմանալ այն մասին, որ քաղաքացիական հագուստով այդ անձը ոստիկան է: Ինեսսա Պետրոսյանի տեղեկացմամբ՝ դա հիմնավորվում է հենց նախաքննական մարմնի կողմից ներկայացված արձանագրություններից մեկով: Պաշտպանի հաղորդմամբ՝ քրեկան վերաքննիչ դատարան ներկայացրել է նաև այն հանգամանքը, որ չի ներկայացվել որևէ հիմք, որ Շանթ Հարութունյանը կարող է խոչընդոտել նախաքննությանը: «Շանթ Հարությունյանը ունի մշտական բնակության վայր, և բնականաբար հիմքեր չկան»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը:  Նրա տեղեկացմամբ՝ նախաքննական մարմինը կալանքը հիմնավորում է այն փաստարկով, որ Շանթ Հարությունյանը կարող է ազդեցություն գործադրել գործով անցնող վկաների վրա. «Մինչդեռ գործով անցնող վկաները ոստիկանության աշխատակիցներ են, և ուղղակի սա ստանդարտ ձևակերպում է, ոչ ավելին: Որևէ ձևով փաստարկված չէ, որևէ նյութ ներկայացված չէ, թե նա ինչպես կարող էր ազդեցություն ունենալ այդ վկաների վրա»:

Նրա խոսքով՝ դատական նիստի ընթացքում քննչական խմբի ղեկավարը միայն մի փաստարկ է բերել՝ նշելով, որ քաղաքացիական հագուտով այդ անձը ներկայացել է. «Ակնհայտ է, որ նա չէր կարող ներկայանալ, որովհետև ըստ այդ ներկայացված նյութերի, ասում է՝ այդ անձը ընկած էր, նրան հարվածում էին, մոտեցել, Շանթն էլ հարվածել է: Այսինքն՝ նա ե՞րբ պետք է ներկայացած լիներ՝ Շանթին գոնե»,- ասաց Ի. Պետրոսյանը: Նրա խոսքով՝ բացի Շ. Հարությունյանից կալանքի տակ է ևս 13 անձ, որոնց մի մասին մեղադրում են միջին ծանրության հանցանք կատարելու մեջ. «Իմ կարծիքով՝ սա արդեն խոսում է այն մասին, որ այստեղ քաղաքական խնդիրներ են հետապնդվում»:

Տեսանյութեր

Լրահոս