
Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունն ուղիղ բանակցություններ կանցկացնեն Շվեյցարիայում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամ՝ ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին հաստատել է Ժնևում պաշտոնական Դամասկոսի ու ընդդիմության միջև ուղիղ բանակցություններ անցկացնելու փաստը:
Ջաֆարին հավելել է, որ սիրիական երկու պատվիրակության միջև ուղիղ երկխոսությանը մասնակցելու է նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին, ով հանդես է գալու որպես հաշտարար:
Դեսպանը կարևորել է կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը: Մեկնաբանելով «Ժնև 2» կոնֆերանսի բանակցությունների առաջին օրը՝ Ջաֆարին հայտարարել է, որ դրանք որոշակիորեն հիասթափեցրել են իրենց: Ջաֆարին դա բացատրել է նրանով, որ կոնֆերանսին հրավիրվածների մեծ մասն ունի հակասիրիական դիրքորոշում:
Դեսպանն ափսոսանք է հայտնել, որ Իրանը չի մասնակցում կոնֆերանսին, և դա այն դեպքում, որ կոնֆերանսին մասնակցելու հրավեր է ստացել ավելի քան 40 երկիր: Ջաֆարիի խոսքերով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը պարադոքսալ ձևով բացառել է Իրանի մասնակցությունը: