
Անկարայում ու Իզմիրում կադրային փոփոխություններն առնչվել են ավելի քան 470 ոստիկանի

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում և երրորդ խոշոր քաղաք Իզմիրում կադրային փոփոխություններն առնչվել են ավելի քան 470 ոստիկանի: Նրանց կա՛մ պաշտոնանկ են արել, կա՛մ էլ տեղափոխել են այլ բաժիններ:
Իզմիրում կադրային փոփոխություններն առնչվել են ոստիկանության 12 բարձրաստիճան աշխատակիցների: Թուրքիայի կառավարությունն Անկարայի ու մյուս քաղաքների ոստիկանությունում կադրային փոփոխություններ է սկսել երկիրը ցնցած կոռուպցիոն վերջին սկանդալից հետո:
2013 թվականի դեկտեմբերի 17-ին Ստամբուլում ու Անկարայում անցկացրած հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել էր մի քանի տասնյակ մարդ, այդ թվում նաև նախարարների որդիներ ու գործարարներ՝ կոռուպցիոն գործունեություն ծավալելու, մաքսանենգությամբ զբաղվելու և թմրանյութեր իրացնելու մեղադրանքներով: