«Ալիշանն»՝ ընդդեմ «ՀայՌուսգազարդի». Իրանահայ ներդրողը իշխանություններին կոչ է անում սանձահարել գազային մենաշնորհատիրոջը
Արտաշատի «Ալիշան» պահածոների գործարանը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին մեղադրում է գազի վճարի հաշվարկը կեղծելու և սպառված վառելիքի դիմաց 11-12% ավելի գումար գանձելու մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն «Ալիշան» ՍՊ ընկերության հիմնադիր-սեփականատեր, տնօրեն Սերժիկ Մոսեսյանը ներկայացրեց իր փաստարկներն՝ ընդդեմ «ՀայՌուսգազարդի»:
Մոտ 10 օր առաջ «ՀայՌուսգազարդի» Արտաշատի մասնաճյուղից գրություն են ուղարկել պահածոների գործարան, որով տեղեկացրել են, որ ընկերության «դեբիտորական պարտքը առ 01.01.2014 թ.-ի դրությամբ կազմում է 1,906,608 դրամ, որը 3-օրյա ժամկետում չվճարելու դեպքում գազամատակարարումը կդադարեցվի, գումարը կբռնագանձվի դատական կարգով»: Բացի այս «պահանջագրից»՝ «ՀայՌուսգազարդն» «Ալիշանին» չի ներկայացրել հաշիվ-ապրանքագիր, իսկ գործարանի մասնագետների հաշվարկներով՝ գազի դիմաց վճարի գումարը սխալ է հաշվարկված:
«Ալիշանի» բողոքներից ու պահանջներից հետո՝ «ՀայՌուսգազարդում» քննարկում է կազմակերպվել, բայց, ըստ Ս. Մոսեսյանի՝ իրենց այդպես էլ հստակ բացատրություն չի տրվել, թե ինչ ձևով է հաշվարկվել գազի գինը, և որոշվել է, որ «ՀայՌուսգազարդի» Արտաշատի մասնաճյուղի մասնագետը կգնա գործարան, ու խնդիրը կպարզաբանեն:
«Աշխարհի ամեն մի տեղում գազի վարձավճարի հաշվարկը մեկն է, իրենք կամայական ձևով փոխել են այդ հաշվարկը ու պատասխան չեն տալիս, թե ինչ նորամուծություն են մտցրել: Մեզնից են հարցնում, թե՝ ո՞նց եք հաշվարկել: 15 օր առաջ Արտաշատի գազի գրասենյակ եմ զանգել, թե՝ ի՞նչ եղավ մեր հարցը, ու ասել, որ ես ստիպված պետք է դիմեմ համապատասխան կառույցների, որ իմ իրավունքները պաշտպանեմ: Խնդրել են 5 օր սպասել ու բերել են պահակի մոտ թողել այդ գրությունը, թե՝ այսքան պարտք ունեք»,- ասաց Ս. Մոսեսյանը:
Գործարանի սեփականատիրոջն, ի վերջո, հաջողվել է ստանալ հաշիվ-ապրանքագիրն, ու պարզվել է, որ «ՀայՌուսգազարդը» կիրառում է 1.13 գործակից, այսինքն՝ գումարը 11-12% ավելի է ստացվում, որը 2 մլն դրամի մեջ կազմում է 200 հազար դրամ:
«Ալիշան» ՍՊԸ-ի արտադրության պետ, ինժեներ Խաչատուր Թադևոսյանի խոսքով՝ արտադրական ձեռնարկությունների համար գազի ծախսը գոյանում է գազի հաշվիչի ցուցիչի և բերման գործակցի արտադրյալից, իսկ բերման գործակիցը գոյանում է տվյալ քաղաքի բարոմետրական ճնշումից, գազի ջերմաստիճանից և գազահաշվիչ մտնող գազի ճնշումից. «Տվյալները բանաձևով հաշվարկելիս՝ դեկտեմբեր ամսվա համար ստացվում է 1.02 գործակից: Բերված հաշիվ-ապրանքագրի մեջ տեղադրել են 1.13, որը 11%-ով ավելի է ստացվում»:
«Դրանք չեն հարգում Հայաստանի ոչ մի օրենքը: Այսինքն՝ ինձ ուզում են ցույց տալ, որ՝ մենք օրենքից վեր ենք և հաշվի չենք նստելու կառավարության հետ, բայց չարաչար սխալվում են: Մի որոշ ժամանակ առաջ ՀՀ նախագահն ասուլիսում հայտարարեց, որ ամեն ինչ պետք է անեն, որ արտագաղթը կանխեն: Վստահ եմ, որ նրա ականջին հասնի՝ չի հանդուրժի նման բան: Ձեռ չի տալիս երկրի նախագահին, որ նման անօրինական բաներ են արվում: Եթե իշխանությունները չարձագանքեն, ես դատարան եմ դիմելու: «ՀայՌուսգազարդն» այս գրություններով ժամանակ է ձգում»,- հայտարարեց Ս. Մոսեսյանը:
Նա շեշտեց, որ չի հրաժարվում իր դեբիտորական պարտքից, պարզապես պահանջում է ճիշտ հաշվարկել գումարը. «Ես Իրանի քաղաքացի եմ, եկել եմ, ներդրում եմ արել այստեղ: Մարդիկ պետք է իմանան, որ կարող են պաշտպանել իրենց իրավունքը: Եթե դատարան դիմեմ՝ 1-2 տարի կտևի, անկախ նրանից՝ կհաղթե՞մ, թե՞ չէ, ես չեմ կարող այդքան ավելի գումար վճարել ամեն ամիս, ես բանկ չունեմ, որ ամեն ամիս 200 հազար դրամ ավելի վճարեմ: Ես ուզում եմ մեր պետական այրերի ուշադրությունը գրավել այս հարցին: Վերջ ի վերջո, երկրում օրենք աշխատո՞ւմ է, թե՞ չէ: Վստահ եմ, որ աշխատում է: Իմ ուժը չի պատում «ՀայՌուսգազարդի» դեմ: Ես պարտքս պատրաստ եմ վճարել, ավելին չեմ կարող: Սեզոնին 50-60 հազ. քմ գազ եմ սպառում, 1 մլն դրամ ավելի է ստացվում վճարը»:
Ս. Մոսեսյանը նկատեց, որ «ՀայՌուսգազարդն» իր հանդեպ ավելի մեծ խտրական վերաբերմունք է դրսևորում՝ սփյուռքահայ լինելու պատճառով: Ըստ նրա՝ այս քաշքշուկներից հետո «ՀայՌուսգազարդն» օրերս նոր թիվ է ներկայացրել իրենց՝ գործակիցը իջեցնելով 1.07-ի:
Հայաստանի գործատուների միության փորձագետ Գագիկ Դավթյանը տեղեկացրեց, որ նման խնդիր մի քանի այլ ձեռնարկություններում էլ է առաջացել, և իրենք բողոքներ են ստացել: Նրա խոսքով՝ ստացված գրության հետ պետք է կցված լիներ հաշիվ-ապրանքագիրը, նշված չէ, թե որ ժամանակահատվածում է գոյացել այդ պարտքը, և այլն, կամ ընկերությունների միջև կարող է պայմանագիր լիներ, որով գուցե իրավունք կտրվեր «Ալիշանին»՝ վճարել ոչ թե ամեն ամիս, այլ 3-ամսյա ժամանակահատվածում. «Սպառնալ, որ չվճարելու դեպքում 3 օրվա մեջ կանջատեն գազը, հակասահմանադրական է, նույնիսկ, եթե անգամ բնակարանի գազամատակարարումն են անջատում՝ առանց դատական կարգի: Սա շատ կոռուպցիոն ռիսկ պարունակող փաստաթուղթ է: Գործատուների միությունը վճռական է, պետք է մի օր բանանային պետությունից վերածվենք նորմալ պետության»:
Ի դեպ, ասուլիսին հրավիրվել էին նաև «ՀայՌուսգազարդի» ներկայացուցիչները, որոնք, սակայն, հրաժարվել էին մասնակցել՝ պատճառաբանելով, որ առավել նպատակահարմար են համարում խնդիրը քննարկել մասնագիտական շրջանակում և հարցը չհրապարակայնացնել: