Ֆինանսական բուրգի գործով միակ մեղադրյալի առողջական վիճակը ծանր է

Հայտնի ֆինանսական բուրգի գործով միակ մեղադրյալ Արթուր Անդրեասյանի պաշտպան Համազասպուհի Գրիգորյանը գոհ չէ գործով կատարված նախաքննությունից:

Ա. Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության համար, ինչի հետ պաշտպանական կողմը համաձայն չէ, այն անհիմն է համարում: Նշնեք, որ քրեական գործի շրջանակներում Ա. Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում` հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված` իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ:

Ա. Անդրեասյանի փաստաբանի խոսքով՝ մեղադրանք առաջադրելու համար հիմք են հանդիսացել հիմնականում տուժողների ցուցմունքները: «Պաշտպանական կողմը գտնում է, որ միակողմանի է գնացել նախաքննությունը»,- ասաց պաշտպանը: Համազասպուհի Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ Արթուր Անդրեասյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Պաշտպանի տեղեկացմամբ՝ քրեական գործում 7 անձ տուժող է ճանաչվել, 18-ը վկայի կարգավիճակ ունեն: Բարձրաստիճան ոստիկաններն ու նրանց որդիները գործում ներգրավված են` որպես վկաներ:

Կարդացեք նաև

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ փաստաբանը հայտարարեց նաև, որ Արթուր Անդրեասյանի առողջական վիճակը ծանր է: Հ. Գրիգորյանի տեղեկացմամբ՝ դեռ 2013թ. օգոստոսից Արթուր Անդրեասյանն անազատության մեջ է, ինչը բացասաբար է ազդել նրա առողջական վիճակի վրա: Համազասպուհի Գրիգորյանի խոսքով՝ ամբաստանյալը տառապում է գլխուղեղի հիվանդությամբ, ինսուլտ է տարել:

Դատարանում պաշտպանն ասաց, որ անազատության վիճակում Արթուր Անդրեասյանի առողջական վիճակն այնքան է վատացել, որ նրան պատգարակով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որից հետո՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: «Այս պահին ևս իմ պաշտպանյալի վիճակը շարունակում է լինել խիստ ծանր և չի դադարում կյանքի և առողջության համար ռիսկային լինելուց:

Նա իր ներկայիս առողջական վիճակով ի վիճակի չէ մասնակցել դատական քննությանը: Ցանկացած պահի կարող է առաջանալ անհապաղ նեղ մասնագիտական համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն, որի բացառումը ժամանակի կորստի առումով կարող է ճակատագրական դառնալ Անդրեասյանի համար»,- դատարանում ասաց պաշտպանը:

Նա միջնորդեց իր պաշտպանյալ Ա. Անդրեասյանի նկատմամբ նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար՝ ինչ հիվանդությամբ է տառապում նա, նրա ներկայիս առողջական վիճակը թույլ տալի՞ս է մասնակցել դատավարական գործողությունների, արդյո՞ք անազատության մեջ գտնվելու հանգամանքն ազդում է նրա հիվանդության զարգացման վրա: Փաստաբանը հայտնեց, որ Ա. Անդրեասյանը դժվարությամբ է ընկալում շրջապատը, դժվարությամբ է քայլում, ինչպես նաև ունի խնդիրներ` կապված հիշողության հետ: Նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը մերժեց պաշտպան Հ. Գրիգորյանի միջնորդությունը: Փաստաբանը, սակայն, հայտարարեց, որ Ա. Անդրեասյանը չի կարող մասնակցել դատական նիստին: Ամբաստանյալն էլ հայտարարեց, որ չի կարողանում խոսել: Նշենք, որ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը դժվարությամբ էր քայլում, իրեն առաջադրված հարցերին գլխով էր պատասխանում: Դատարանը որոշեց հետաձգել քրեական գործի քննությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին:

«168 ԺԱՄ»
Լուսանկարը՝ iravaban.net-ի

Տեսանյութեր

Լրահոս