
Մարգվելաշվիլին ու Էրդողանը քննարկել են «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառուցման հարցը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին իր թուրքական այցի շրջանակներում Անկարայում երեկ հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի աշխատակազմը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Վրաստանի ու Թուրքիայի փոխհարաբերությունների հեռանկարները: Ընդգծվել է, որ Թուրքիան հանդիսանում է Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը, և որ վրացական կողմի համար կարևոր ու առաջնահերթ է թուրքական շուկայի մատչելիությունը և վրացական արտադրանքի արտահանման համար տեխնիկական արգելքների վերացումը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև Վրաստանի ու Թուրքիայի կողմից համատեղ իրականացվող նախագծերի հարցը, ինչը մասնավորապես վերաբերում է «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցմանը: Մարգվելաշվիլին ու Էրդողանը քննարկել են նաև պատմամշակութային հուշարձանների պահպանման հարցը: