
Գուլնարա Կարիմովայի ամենահուսալի օգնականներից մեկը Գայանե Ավագյանն է. BBC

BBC-ի փոխանցմամբ՝ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի ավագ դուստր Գուլնարա Կարիմովայի օգնականներից մեկը Գայանե Ավագյանն է: 2012 թվականին շվեդ լրագրողները լրագրողական հետաքննություն են իրականացրել TeliaSonera ֆինն-շվեդական հեռահաղորդակցային հսկայի նկատմամբ և պարզել, որ նա 300 միլիոն դոլար է վճարել՝ մուտք գործելու համար Ուզբեսկտանի բջջային հեռախոսների շահութաբեր շուկա:
Գումարը փոխանցվել է ոչ մեծ ընկերությանը, որը Ջիբրալթարում գրանցված է Գայանե Ավագյանի անունով, ով կապված չէ հեռահաղորդակցային ոլորտի հետ: Կարիմովային մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ 20-ամյա Ավագյանը ժամանակին աշխատել է Տաշքենդում գտնվող և Կարիմովային պատկանող խանութներից մեկում:
Նրան աշխատանքի են վերցրել, որպեսզի նա Մոսկվայում նորաձևության ցուցադրման հարցում օգնի Կարիմովային: Գայանեն արագորեն դարձել է Կարիմովայի ամենահուսալի օգնականներից մեկը և 2013 թվականին հայտնվել է Շվեդիայում գրանցված աշխարհի ամենամեծ կոռուպցիոն սկանդալներից մեկի կենտրոնում:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի սկզբին ուզբեկական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովն անվայելուչ պահվածքի համար ծեծի է ենթարկել իր դուստր Գուլնարային, ինչը շաղկապվում էր նաև վերջինիս նախագահական հավակնությունների հետ:
Դրանից օրեր անց հայտնի դարձավ, որ Գուլնարա Կարիմովան հրաժարվել է իր նախագահական հավակնություններից, և որ նա քաղաքական ապաստան է որոնում արտերկրում: