
Վրաստանում ԵԱՀԿ-ի առաքելության վերականգնման համար անհրաժեշտ է ճկուն ու ստեղծագործ մոտեցում. Բուրկհալտեր

Грузия Online-ի փոխանցմամբ՝ այս տարի ԵԱՀԿ-ի նախագահությունն ստանձնած Շվեյցարիան հայտարարել է, որ պատրաստ է ջանքեր գործադրել Վրաստանում ԵԱՀԿ-ի առաքելության վերականգնման ուղղությամբ: Այս մասին Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերը:
Նա ընդգծել է, որ իրենք պատրաստ են վերսկսել քննարկումները Վրաստանում ԵԱՀԿ-ի առաքելության գործունեության վերականգնման վերաբերյալ՝ պայմանով, որ շահագրգիռ կողմերը կցուցաբերեն ճկունություն ու ստեղծագործ մոտեցում այդ հարցում:
Նշվում է, որ ԵԱՀԿ-ը Վրաստանում իր առաքելությունը փակել է 2009 թվականի հունիսին՝ 2008 թվականի օգոստոսին գրանցված ռուս-վրացական պատերազմից և Ռուսաստանի կողմից Աբխազիան ու Հարավային Օսիան ճանաչելուց հետո: Դրանից հետո կողմերը կոնսենսուսի չեկան ԵԱՀԿ-ի առաքելության մանդատի երկարաձգման հարցում: