Քաղաքացին՝ Գալուստ Սահակյանին. «Ինչի՞ց խնայենք: Թող ինքը մի քիչ գումար հատկացնի թոշակառուներին իր ֆոնդից, որ մարդիկ լավ ապրեն» (տեսանյութ)

168.am-ն այսօր Երևանի մի քանի քաղաքացիներից հետաքրքրվեց, թե գազի գնի թանկացումից հետո որքա՞ն գումար են մուծել դեկտեմբեր ամսվա համար: Ի պատասխան մեր հարցման, քաղաքացիներից ոմանք ասացին, որ նախորդ տարիների համեմատ՝ գազի համար իրենց մուծած գումարն ավելացել է 20-30 հազար դրամով, որոշ դեպքերում էլ՝ 50 տոկոսով: Քաղաքացիները մեզ հետ զրույցում նշում էին, որ իրենց աշխատավարձի գրեթե ողջ գումարով ստիպված են եղել վճարել իրենց կոմունալ ծախսերը, իսկ սննդի և այլ ծախսերի համար գումար չի մնացել: «Իմ աշխատավարձը 65 հազար դրամ է, 64 հազար 900 դրամ կոմունալ վարձեր եմ մուծել: Հիմա ես ինչո՞վ պիտի ապրեմ, չգիտեմ: Թե՞ տված թոշակներով պիտի ապրենք: Ամոթ է, ամոթ, թող ամաչեն. ուրիշ բան չկա ասելու»,- ասաց քաղաքացիներից մեկը:

Քաղաքացիներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ երբ ամռանը թանկացավ, իրենք այդ ժամանակ չզգացին թանկացումը, իսկ այժմ թանկացումը ռեալ իրենց մաշկի վրա են զգում: Նա ասաց, որ իր ծանոթներից մեկն իրեն պատմել է, որ երբ տեսել է գազի համար վճարելիք գումարը՝ «աչքերի առաջ սևացել է»:  Մեր զրուցակիցներից մի քանիսն ասացին, որ գազի գնի բարձր լինելու պատճառով ստիպված են իրենց բնակարանները տաքացնել հոսանքով, որը ևս թանկացել է:

Երբ մեկ այլ քաղաքացուց հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է վերաբերվում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այն հայտարարությանը, թե մարդիկ պետք է կարողանան «մի քիչ էկոնոմիա անել», նա արձագանքեց. «Ինչի՞ց խնայեմ՝ ուտելո՞ւց, հացի՞ց: Հաց ենք ուտում մենակ էլի, սոխ, հաց, կարտոշկեն էլ այս տարի 300 դրամ է դարձել: Ինչի՞ց խնայենք: Թող ինքը մի քիչ գումար հատկացնի թոշակառուներին իր ֆոնդից, որ մարդիկ լավ ապրեն: Ոչ մի բան չունեմ ասելու»:

Տեսանյութեր

Լրահոս