Անդրիաս Ղուկասյանը՝ Քոչարյանի և ընդդիմադիր 4 ուժերի մասին

Քաղաքագետ, «Կանխենք գազի գնի թանկացումը» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը գտնում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հրապարակային ակտիվությունն ու նրա հարցազրույցների շարքը հասարակությանը սոցիալական ու քաղաքական սուր խնդիրներից շեղելու մի փորձ է: Այս մասին նա հայտարարեց այսօր հրավիրված ասուլիսին:

Ըստ նրա՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանվարչապետ Տիգրան Սարգսյան բանավեճը չափից ավելի մեծ ուշադրության է արժանանում:

«Այդ բանավեճի իրական ենթատեքստն այն է, որ Քոչարյանի վերադառնալու սպառնալիքն իշխող խմբի համար դառնում է, այսպես ասած, քաղաքական գործիք՝ իր շարքերը կարգավորելու և ներքին կարգապահությունը բարձրացնելու նպատակով: Բացի այդ, ապակողմնորոշում է հանրությանը և շեղում է այսօրվա խնդրից,- ասաց Ղուկասյանը: -Իհարկե, հունվարի 18-ի երթը, կարելի է ասել, այս տարվա առաջին լայն ակցիաներից կլինի: Կարծում եմ՝ դա հարթակ է՝ ուժերը համախմբելու և համատեղ ձևաչափ գտնելու համար»:

Սրա հետ մեկտեղ՝ Անդրիաս Ղուկասյանն, այնուամենայնիվ, թերահավատ է ոչ իշխանական չորս ուժերի՝ Հայ ազգային կոնգրեսի, Բարգավաճ Հայաստանի, «Ժառանգության» և Դաշնակցության հանդեպ: Հիշեցնենք, որ վերջիններս միանալու են վաղը՝ հունվարի 18-ին, նախատեսվող՝ «Ընդդեմ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնության բողոք-երթին:

Կարդացեք նաև

«Ես ինքս չեմ վստահում այդ ուժերին այն հարցերում, որոնք վերաբերում են հանրության շահերին: Այդ ուժերն, առանձին-առանձին կամ միասին, դեռևս չեն ցուցաբերել որևէ արդյունք, որը հանրությանը հիմք կտար մտածել, թե այդ ուժերի առանձին կամ միասին գործունեությունը կարող է որևէ դերակատարություն ունենալ հանրության շահերի պաշտպանության գործում: Իսկ այն, որ այդ խորհրդարանական ընդդիմության գոյությունն իրականում սատարում է Հայաստանում գործող մեկ կուսակցության քաղաքական մենաշնորհին, ինձ համար փաստ է: Ես գտնում եմ, որ Հայաստանում ձևավորվել է մեկ կուսակցության իշխող համակարգ, մյուս կուսակցությունները դեկորատիվ դերակատարություն ունեն: Իմ կարծիքով՝ երբ այդ կուսակցությունները 2012 թվականին վերցրեցին մանդատները, արդեն սխալ կատարեցին: Պահպանել խորհրդարան նրա համար, որ Հանրապետական կուսակցությունն ունենա հարթակ ՝ քրեաօլիգարխիկ համակարգի ապօրինի որոշումներն օրինականացնելու համար, ըստ իս, սխալ քաղաքականություն է»,- կարծիք հայտնեց Անդրիաս Ղուկասյանը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Տեսանյութեր

Լրահոս