
Սիրիայի իշխանություններն առաջարկել են միավորվել ընդդիմության հետ՝ ընդդեմ արմատական իսլամականների

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է ապստամբների հետ համագործակցության՝ հանուն ահաբեկիչների դեմ պայքարի: Այդ մասին Մոսկվայում հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը:
Նա ընդգծել է, որ համատեղ գործողությունները պետք է պլանավորվեն նախորդ տարվա հունիսին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած «Մեծ ութնյակի» համաժողովի արդյունքների, ինչպես նաև ՄԱԿ ԱԽ-ի սիրիական բանաձևերի հիման վրա:
Այդ փաստաթղթերում միջազգային հանրությունը դատապարտել է խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնություններ գործադրելը և կողմերին կոչ է արել հակամարտությունը կարգավորել քաղաքական ճանապարհով: Մուալեմը հաստատել է, որ Սիրիայի կառավարական պատվիրակությունը մասնակցելու է «Ժնև 2» կոնֆերանսին:
Հիշեցնենք, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Սիրիայում չափավոր ապստամբների ու արմատական իսլամականների միջև տեղի ունեցած մարտերում զոհվել է ավելի քան 1000 մարդ: