
Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայում ձևավորվել է ուղղաթիռային էսկադրիլիա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային ռազմական օկրուգում (ՀՌՕ) ձևավորվել է բանակային ավիացիայի էսկադրիլիա՝ Հայաստանում առաջադրանքներ իրագործելու համար: Դրա մեջ են մտել «Մի-24Պ», «Մի-8ՄՏ», «Մի-8ՍՄՎ» տիպի ուղղաթիռները: Այս մասին այսօր հայտնել է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը.
«Հայաստանի Հանրապետությունում գտնվող ռուսական ավիացիոն ռազմաբազայում՝ «Էրեբունի» ռազմական օդանավակայանում, ձևավորվել է ՀՌՕ-ի ռազմաօդային ուժերի ու հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հրամանատարության բանակային ավիացիայի էսկադրիլիա»:
ՀՌՕ-ն պարզաբանել է, որ նախկինում Հայաստանում իր ավիացիոն խմբավորումը բաղկացած է եղել «ՄիԳ-29» կործանիչների էսկադրիլիայից, որը հակաօդային պաշտպանության մարտական առաջադրանքներ է կատարել ԱՊՀ ՀՕՊ-ի միասնական համակարգի համար:
ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ բանակային ավիացիայի էսկադրիլիայի ձևավորմամբ ավիախմբավորման մեջ մտնելու են «Մի-24Պ», «Մի-8ՄՏ», «Մի-8ՍՄՎ» ուղղաթիռները, որոնց պլանավորված է գործարկել առաջադրանքների լայն շրջանակի իրագործման մեջ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի անձնակազմի փոխադրման և զորքերի ավիացիոն աջակցության համար:
Պլանավորված է այդ ուղղաթիռները Հայաստան («Էրեբունի» օդանավակայան) ուղարկել 2014 թվականին: