
Երեկ Մոսկվայում տեղացել է հունվարի 16-ի համար ռեկորդային քանակությամբ ձյուն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 16-ին Մոսկվայում տեղացել է մոտ 10 միլիմետր տեղումներ, ինչը գերազանցել է 1981 թվականի հունվարի 16-ին գրանցված ռեկորդը: Այս մասին գործակալությանն այսօր հայտնել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի մասնագետներից մեկը:
Վերջինիս խոսքերով՝ երեկ Մոսկվայի տարբեր շրջաններում տեղացել են 8-10 միլիմետր տեղումներ, որով և գերազանցվել է 1981 թվականի ռեկորդը՝ 7.2 միլիմետր: Մոսկվայում երեկոյան ժամերին սկսել է տեղալ առատ ձյուն, ինչը բարդացրել է մայրաքաղաքի փողոցներում իրավիճակը:
Օդերևութաբանների խոսքերով՝ Մոսկվայում տեղումները կշարունակվեն նաև այսօր՝ ընդհուպ մինչև հանգստյան օրեր, երբ Մոսկվայում կտիրի բավական ցուրտ եղանակ՝ ավելի քան – 20 աստիճան: