
Յանուկովիչը ստորագրել է խորհրդարանի ընդունած 5 օրենքը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է երեկ Գերագույն ռադայի ընդունած 5 օրենք: Այս մասին հայտնել է նախագահական ապարատում եղած աղբյուրը:
Դրանց թվում են հայտնվել դատարանների կարգավիճակի, քաղաքացիների անվտանգության պաշտպանության հավելյալ միջոցների, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի վարչական իրավախախտումների և այլնի մասին օրենքները:
Յանուկովիչը հաստատել է նաև համացանցում ծայրահեղականության մասին օրենքը, որով արգելվել է համացանցում ծայրահեղական բնույթի նյութեր տարածելը:
Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը հայտարարել է, որ այդ օրենքների ընդունման նախաձեռնողը եղել է հենց նախագահը: Երեկ Գերագույն ռադայում տիրել է մեծ լարվածություն, օրենքների մի մասն ընդունվել է առանց քննարկման ու առանց ընդդիմադիր պատգամավորների մասնակցության:
Մի շարք դեպքերում օրենքների ընդունման քվեարկությունն իրականցվել է պատգամավորների կողմից ձեռք բարձրացնելով, չի իրականացվել էլեկտրոնային քվեարկություն: Ընդդիմությունը Գերագույն ռադայում անցկացված քվեարկությունն արդեն իսկ որակել է որպես «պետական հեղաշրջում»: