
Էրդողանը ցանկանում է վերահսկողության տակ առնել երկրի դատական համակարգը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը խորհրդարանի դիտարկմանն է ներկայացրել սահմանադրական մի շարք ուղղումներ, որոնց համաձայն Արդարադատության նախարարությանն են անցնում Դատավորների ու դատախազների բարձրագույն խորհրդի (HSYK) հիմնական լիազորությունները:
Թուրքիայի Սահմանադրության համաձայն, վարչական առումով դատավորներն ու դատարանները կախում ունեն Արդարադատության նախարարությունից, սակայն ներկայիս իրավական հարցերը հիմնականում կարգավորվում են HSYK-ի գլխավոր խորհրդի կողմից, որը գլխավորում է արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:
Այժմ կառավարությունը նախաձեռնել է ամբողջովին իրեն ենթարկել դատավորներին ու դատախազներին, ինչը բացասական արձագանքի է արժանացել նրանց և երկրի ընդդիմադիր կուսակցությունների շարքերում, որոնք կառավարությանը մեղադրել են հակաժողովրդավարական ձևով ու վարչական ճնշման ճանապարհով դատա-իրավական համակարգը վերահսկելու փորձի մեջ:
Հիմնական ընդդիմադիր կուսակցությունները՝ ԺՀԿ-ը և ԱՇԿ-ը մերժել են իշխող ԱԶԿ-ի այս նախաձեռնությունը: Քրդամետ ԽԺԿ-ը դեռ չի արտահայտել իր դիրորոշումը, սակայն նրանից ոչինչ կախված չէ: