
ԱՄՆ սենատը հաստատել է կառավարությանը ֆինանսավորելու մասին օրինագիծը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատը վերջնական ընթերցմամբ ընդունել է ԱՄՆ դաշնային կառավարությանը ֆինանսավորելու մասին օրինագիծը: Խոսքը գնում է մինչև սեպտեմբերի 30-ը (ընթացիկ ֆինանսական տարվա ավարտ) կառավարությանը 1.1 տրիլիոն դոլարով ֆինանսավորելու մասին:
Սրանից առաջ տվյալ օրինագիծը հավանության է արժանացել Ներկայացուցիչների պալատի կողմից: Այժմ օրենքի նախագիծը ստորագրության համար ուղարկվել է նախագահ Բարաք Օբամային: Ակնկալվում է, որ Օբաման կստորագրի այն և դրանով իսկ մոտակա 9 ամսում կկանխի բյուջետային ճգնաժամերի առաջացումը:
Նշվում է, որ վերջին 4 տարում Կոնգրեսի կողմից բյուջեի ընդունման հարցում շարունակ առաջանում են խնդիրներ, ինչը պայմանավորված է դեմոկրատների ու հանրապետականների միջև առկա լուրջ տարաձայնություններով: Այս տարի ԱՄՆ-ում տեղի են ունենալու Կոնգրեսի ընտրությունները: