Կիևում ձերբակալվել են 2 «օրենքով գողեր», և մեկ «հավակնորդ»
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, Ուկրաինայի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի աշխատակիցները նախօրեին Կիևում ձերբակալել են երեք քութայիսցիների։ Նրանցից երկուսը «օրենքով գողեր» են, իսկ երրորդը հավակնում է այդ կոչմանը։
Թանկարժեք 2 BMW-ներից մեկի մեջ ոստիկանները հայտնաբերել են 39-ամյա Պոլիկարպ Ջանելիձեն, որին նախորդ տարվա սեպտեմբերին արտաքսել էին Ուկրաինայից։ Ուկրաինա մուտք գործելու 3 տարվա արգելքը չէր խանգարել, որ նա կրկին հայտնվի երկրի տարածքում։
Մյուս ուղևորը 41-ամյա «օրենքով գող» Վլադիմիր Ջավախաձեն էր, ով առավել հայտնի է որպես Կուրշա կամ Վալերա Քութաիսսկի։ Չնայած որոշակի շրջանակներում իր լայն ճանաչվածությանը՝ վերջինս համեստ կենսակերպ է վարում է ձգտում է աչքի չընկնել աղմակահարույց գործերում։ 1998 թվականին Օդեսսայում տեղի ունեցած գողական հավաքից հետո Վալերա Քութաիսսկին երբեք ոստիկանությունում չի հայտնվել, չնայած այն հանգամանքին, որ նրա անունը մշտապես հոլովվել է տարբեր առիթներով։
«Прайм Крайм»-ի տեղեկություններով՝ 2002 թվականին հենց նա է թագադրել Պոլիկարպին։ Իսկ իրեն՝ Ջավախաձեին, ժամանակին գողական կյանքի ուղեգիր է տվել Դաթո Դաթո Սեբիսկվերաձեն։ Ուկրաինայի իրավապահների կողմից ձերբակալված երրորդ անձը հենց վերջինիս որդին է՝ 39-ամյա Վալերի Սեբիսկվերաձեն, որը ձգտում է «օրենքով գող» ճանաչվել։
Երեքն էլ տուգանվել են 190 գրիվնայով՝ ոստիկանների հասցեին անպարկեշտ արտահայտություններ թույլ տալու և նրանց հրահանգներին չենթարկվելու համար։ Իսկ փաստաթղթերի օրինականությունը ստուգելուց հետո չի բացառվում, որ երեքին էլ արտաքսեն Ուկրաինայից։