Բաժիններ՝

«Հիպոթեքային վակերի էժանացումն անշարժ գույքի շուկայի ակտիվացման ամենակարևոր գործոնն է». Հակոբ Բաղդասարյան

Տևական ժամանակաշրջան է, որ Հայաստանում անշարժ գույքի շուկայում իրավիճակը լավ չի: Թեև Ազգային վիճակագրական ծառայությունը դրական ցուցանիշներ է հրապարակում և աճ արձանագրում ոլորտում, սակայն մասնագետները հակառակն են ասում: 168.am-ի հետ զրույցում «Ակցեռն» կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը նշեց, որ ոլորտի վերաբերյալ իր ցուցանիշները դրական չեն:

ԱՎԾ ներկայացրած աճը Հ. Բաղդասարյանը համարեց «ոչ իրատեսական, վստահություն չներշնչող». «Իմ մոտ եղած ցուցանիշները բավականին տարբերվում են ԱՎԾ ցուցանիշներից: Եթե աճ են նշում, պետք է ցույց տրվի, թե որտե՞ղ ու ինչի՞ հաշվին է: Դա անոմալիա է: Մեր տվյալներով՝ չի կարելի ասել, որ ընդհանուր անկում կա, բայց շատ տեղերում անկում է, որոշ տեղերում՝ աճ, նայած՝ ինչպես դիտարկենք: Ընդհանուր առմամբ՝ անշարժ գույքի ոլորտը լուրջ ներդրումների, ազատականացման կարիք ունի, ֆինանսավորման խնդիր կա, բանկային ոլորտը պետք է լրջորեն ներգրավվի, որ բացի կառուցապատողներին ֆինանսավորելուց՝ սպառողներին էլ էժան վարկավորեն, պահանջարկը խթանեն»:

Հարցին՝ հիպոթեքային վակերի տոկոսադրույքների նվազեցումը որքանո՞վ կնպաստի անշարժ գույքի շուկայի ակտիվացմանը, հաշվի առնելով սոցիալ-տնտեսական վատ վիճակն ու արտագաղթը, Հ. Բաղդասարյանը պատասխանեց, որ հիպոթեքային էժան վարկերի առկայությունն ամենակարևոր գործոնը կարելի է համարել, որ կարող է տասնապատիկ ու հարյուրապատիկ ակտիվացնել ամեն ինչ: Այսօր տարեկան 1500-2000 հիպոթեք է տրվում, դա ծիծաղելու թիվ է՝ ընդհանուր գործարքների թվի համեմատ: Միջազգային պրակտիկայում անշարժ գույքի գործարքների 98-99%-ը հիպոթեքով է կատարվում, իսկ մեզ մոտ ընդհանուր գործարքների մեջ 1-2% է կազմում»:

 

Ըստ նրա՝ տոսկոսադրույքների նվազեցումը պետք է բավականին հաշվարկված ու գրագետ արվի, քանի որ բանկերում ավանդներ կան մինչև 10-12%-ով. «Պետք է հաշվարկել, բայց, բնականաբար, ինչքան ցածր՝ այնքան լավ: Աշխարհում 1%-ից սկսած հիպոթեքային տոկոսադրույքներ գոյություն ունեն: Բացի տոկոսադրույքից, կարևոր են վարկավորման պայմանները, ռիսկերի գնահատման կարգը, մեխանիզմները, այսինքն՝ բավականին ավելի կարևոր թեմաներ կան՝ տոկոսադրույքից բացի: Սպառողական վարկերն, առանց փաստաթղթի, մինչև 4-5 մլն դրամ տալիս են, բայց հիպոթեքի համար բազմաթիվ փաստաթղթեր են պահանջում, տեղեկանքներ աշխատավայրից, ապացույցներ, և այլն: Ապացույցների փաստաթղթավորումը բարդ խնդիր է, պետք է պարզեցնել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս