Լեոնարդո Դի Կապրիոն, Ջուլիա Ռոբերթսը և Բրեդ Պիտը՝ Օսկարի հավակնորդներ
Քիչ առաջ Լոս-Անջելեսում հրապարակեցին այս տարվա Օսկարի հավակնորդների ցուցակը: Անակնկալ գրեթե չեղավ: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում պայքարում է 9 ժապավեն՝ «Խարդախություն ամերիկյան ձևով», «12 տարվա ստրկություն», «Ֆիլոմենա», «Նեբրասկա», «Կապիտան Ֆիլիպս», «Գայլը Ուոլ-Ստրիտից», «Նա», «Գրավիտացիա», «Գնորդների դալլասյան ակումբը»:
Ամենաշատ անվանակարգերում (10-ական) ներկայացված են Դևիդ Օ. Ռասելի «Խարդախություն ամերիկյան ձևով» և Ալֆոնսո Կուարոնի «Գրավիտացիա» ֆիլմերը: Ամերիկյան կինոակադեմիայի գլխավոր ֆավորիտը՝ անգլիացի Սթիվ Մակկուինի «12 տարվա ստրկությունը» հավակնում է 9 Օսկարի: Վերոնշյալ բոլոր երեք ռեժիսորները, ինչպես նաև Ալեքսանդր Պեյնն ու Մարտին Սկորսեզեն մրցելու են միմյանց հետ:
«Լավագույն դերասան» անվանակարգում պայքարում են Քրիստիան Բեյլը («Խարդախություն ամերիկյան ձևով»), Լեոնարդո դի Կապրիոն («Գայլը Ուոլ-Ստրիտից»), Բրյուս Դերնը («Նեբրասկա»), Չիվետել Էջիոֆորը («12 տարվա ստրկություն») և Մեթյու Մակկոնահին («Գնորդների դալլասյան ակումբը»): Լավագույն դերասանուհի կարող են ճանաչվել Քեյթ Բլանշետը («Ժասմին»), Ջուդի Դենչը («Ֆիլոմենա»), Սանդրա Բուլոկը («Գրավիտացիա»), Էմի Ադամսը («Խարդախություն ամերիկյան ձևով») և արդեն Օսկարի ներկայացվածության առատությամբ ծիծաղ առաջացնող Մերիլ Սթրիփը («Օգոստոս»):
«Երկրորդական պլանի լավագույն դերասան» անվանակարգում ներկայացված են Բրեդլի Կուպերը, Մայքլ Ֆասբենդերը, Ջոնա Հիլը, Բարհադ Աբդին և Ջարեդ Լետոն: Երկրորդական դերի համար Օսկարի կարող են արժանանալ հետևյալ դերասանուհիները՝ Ջուլիա Ռոբերթս, Սալի Հոկինս, Ջուն Սկուիբ, Ջենիֆեր Լոուրենս և Լյուպիտա Նիոնգո:
«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում պայքարում են Դանիայից, Իտալիայից, Պաղեստինից, Բելգիայից և Կամբոջայից ներկայացված ժապավենները:
Հետաքրքիր է նաև, որ արդեն երկրորդ անգամ հոլիվուդյան ամենահայտնի զույգը՝ Բրեդ Պիտը և Անջելինա Ջոլին, միաժամանակ հավակնում է Օսկարի: Բրեդ Պիտը՝ որպես «12 տարվա ստրկություն» ֆիլմի պրոդյուսեր, իսկ Ջոլին իր բարեգործական գործունեության համար պատվավոր Օսկար կստանա:
Ամերիկյան կինոակադեմիայի 86-րդ մրցանակաբաշխությունն այս տարի տեղի կունենա մարտի 2-ին:
Թոմսոն