
Վրաստանում արտաշիրմելու են Զուրաբ Ժվանիայի աճյունը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այսօր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ դատախազությունն ինտենսիվորեն աշխատում է Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հետաքննման ուղղությամբ:
Գարիբաշվիլիի խոսքերով՝ դատախազությունը պլանավորում է արտաշիրմել նախկին վարչապետի դիակը և փորձաքննության մեջ ներգրավվել շվեյցարական կամ իսրայելական լաբորատորիա: Վարչապետը հավելել է, որ Ժվանիայի մահվան կապակցությամբ իրենք պատրաստվում են ստեղծել հանձնաժողով և դրա հետ կապված՝ խորհրդակցություններ են անցկացնում Թոմաս Համարբերգի հետ:
Սաակաշվիլիին իշխանության բերած «Վարդերի հեղափոխության» առաջնորդներից Զուրաբ Ժվանիան մահացել է 2005 թվականի փետրվարի 3-ին` պաշտոնական վարկածով գազի արտահոսքից: Ժվանիայի ընտանիքը քանիցս հայտարարել է, որ համակարծիք չէ պաշտոնական տարբերակի հետ: