
Վրաստանը պատրաստ է ահաբեկչության դեմ պայքարում համագործակցել Ռուսաստանի հետ. Գարիբաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այսօր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը պատրաստ է ահաբեկչության դեմ պայքարում համագործակցել յուրաքանչյուր պետության հետ:
Գարիբաշվիլիի խոսքերով՝ Վրաստանի ողջ տարածքում գործում են անվտանգության խիստ միջոցներ, որոնք գործելու են նաև Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում և դրանց ավարտից հետո: Գարիբաշվիլին հայտարարել է, որ ահաբեկչությունը 21-րդ դարի մարդկության հիվանդությունն է, և որ անհրաժեշտ է, որ դրա դեմ համախմբվեն բոլորը.
«Այդ հարցերով Ռուսաստանի հետ համագործակցում են ԱՄՆ-ը, Եվրոպայի երկրները, և եթե մենք կարող ենք որևէ փոքրիկ դեր կատարել այդ ուղղությամբ (ահաբեկչության դեմ), ապա ինչու ոչ»: