
Հակամարտությունների կարգավորման մեջ արդյունք չի գրանցվում, երբ կողմերն իրենք չեն ցանկանում դա. ԵԱՀԿ գործող նախագահ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարի ԵԱՀԿ-ի նախագահությունն ստանձնած Շվեյցարիան հայտարարել է իր առաջնահերթությունների մասին: Ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդում՝ Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ի նախագահությունն ստանձնելը շատ մեծ պատասխանատվություն է:
Նա հավելել է, որ Շվեյցարիան 2014 թվականին իր հիմնական ուշադրությունն ուղղելու է ԵԱՀԿ-ի տիրույթում անվտանգության ու կայունության խնդիրներին: Բուրկհալտերն անդրադարձել է նաև սառեցված հակամարտությունների կարգավորմանը.
«Մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում այդ հակամարտությունների երկարաժամկետ կարգավորման համար: Մենք գիտենք, որ անհնար է հակամարտությունը լուծել մեկ գիշերվա ընթացքում: Արդյունքի հասնելը տեղի չի ունենա, եթե կողմերը չեն ցանկանում դա: Անհնար է անգործությամբ լուծել հակամարտությունները»:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված՝ Բուրկհալտերը հայտարարել է, որ նկատվել են մի շարք դրական նշաններ, ինտենսիվացել են բարձր մակարդակի շփումները. «Սակայն շփման գծի միջադեպերեը դեռևս հարուցում են մտահոգություն: Մենք բոլորս գիտենք, որ դեպի խաղաղություն տանող ճանապարհը երկար է: Շվեյցարիան աջակցելու է համանախագահների ջանքերին»: