
ՌԴ-ը կանի ամեն հնարավոր բան, որպեսզի «Ժնև 2»-ը նպաստի Սիրիայում արյունահեղության դադարեցմանը. Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն անելու է ամեն հնարավոր բան, որպեսզի հունվարի 22-ին նշանակված Սիրիայի վերաբերյալ կոնֆերանսը («Ժնև 2») նպաստի երկխոսության գործարկմանն ու արյունահեղության դադարեցմանը:
Պուտինն այս հայտարարությունն արել է Ռուսաստանում մի շարք երկրների, այդ թվում նաև Իրանի, Եգիպտոսի, Հորդանանի դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ: Պուտինի խոսքերով՝ 2014 թվականին իրենք պետք է ամրապնդեն ու զարգացնեն միջազգային մի շարք առանցքային խնդիրների կարգավորման գործընթացում ձեռք բերած առաջին արդյունքները:
Պուտինը մանրամասնել է, որ առաջին հերթին նկատի ունի Սիրիական հակամարտությունն ու Իրանի միջուկային ծրագիրը: Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ է ակտիվորեն աջակցել «Ժնև 2»-ի նախապատրաստմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին: