
Ադրբեջանը Թուրքիայից գնում է միջին ու մեծ հեռահարությամբ հակատանկային հրթիռներ. APA

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը Թուրքիայից գնում է հակատանկային մեծ հեռահարությամբ հրթիռներ (UMTAS) և միջին հեռահարությամբ հրթիռներ (OMTAS), որոնք կարող են տեղակայվել տրանսպորտային տարբեր միջոցների վրա, ինչպես նաև դրանք օգտագործել որպես ցամաքային:
Այս մասին գործակալությանը հայտնել են ռազմական աղբյուրները: Նրանց խոսքերով՝ ներկայումս ադրբեջանցի զինվորականները փորձարկում են այդ հրթիռները: Դրանց արտադրությամբ զբաղվում է թուրքական ROKETSAN ընկերությունը, որի ներկայացուցիչների խոսքերով՝ ադրբեջանցի զինվորականները բարձր են գնահատել երկու համալիրի որակները:
Նրանք հավելել են, որ Ադրբեջանը հետաքրքրված է նաև (լազերային կիսաակտիվ մարտագլխիկով) Cirit տիպի իրենց հակատանկային հրթիռով: OMTAS-ի հեռահարությունը կազմում է 4000 մետր, իսկ UMTAS-ինը՝ 8000 մետր: UMTAS-ը կարող է տեղակայվել տրանսպորտային միջոցների, անօդաչու թռչող սարքերի, ուղղաթիռների վրա: