Բաժիններ՝

Զաֆեր Չաղլայանը կաշառք է վերցրել 28 անգամ՝ ստանալով 52 միլիոն դոլար

Թուրքական Sol Haber պորտալի փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարարությանը ներկայացվել են վարչապետ Էրդողանի կառավարության 4 նախարարների դեմ մեղադրական նյութերը, որոնց անունները շոշափվում են նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին երկրում մեծ աղմուկ բարձրացրած «Մեծ կաշառք» օպերացիայում:

Խոսքը գնում է էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանի, ներքին գործերի նախկին նախարար Մուամեր Գյուլերի, Եվրամիության հարցերով նախկին պետնախարար Էգեմեն Բաղըշի և շրջակա միջավայրի պահպանման նախկին նախարար Էրդողան Բայրաքթարի մասին:

27 թղթապանակից և 504 էջից բաղկացած այդ նյութերը դատախազության կողմից Արդարադատության նախարարությանն ուղարկվել են դեռևս հունվարի 2-ին: Դրանց համաձայն, Զաֆեր Չաղլայանը ընդհանուր առմամբ կաշառք է վերցրել 28 անգամ՝ ստանալով 52 միլիոն դոլար: Չաղլայանը ստեղծել է հանցավոր խումբը, որը զբաղվել է 150.000 տոննա ապրանքների մաքսանենգ արտահանմամբ և 1.5 տոննա ոսկու ապօրինի ներկրմամբ:

Մուամեր Գյուլերը կաշառք է վերցրել 10 անգամ՝ ստանալով 10 միլիոն դոլար, իսկ Էգեմեն Բաղըշի ցուցանիշը կազմում է համապատասխանաբար 3 անգամ և 1.5 միլիոն դոլար: Էրդողան Բայրաքթարի պարագայում այդ թվերի մասին ոչինչ չի նշվում: «Մեծ կաշառք» օպերացիայի շրջանակներում կալանքի տակ են վերցվել Գյուլերի, Չաղլայանի ու Բայրաքթարի որդիները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս