ԱՄՆ սենատը ներկայացրել է 2012 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակման հետաքննության արդյունքները
ABC News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատի Հետախուզության հատուկ հանձնաժողովը հրապարակել է 2012 թվականի սեպտեմբերի 11-ին Բենղազիում (Լիբիա) ամերիկյան հյուպատոսության դեմ իրականացված հարձակման մասին հետաքննությունը: Փաստաթուղթը հրապարակվել է The Wall Street Journal-ի կայքում:
Հանձնաժողովն այդ հարձակման պատասխանատվությունը դրել է «Ալ-Քաիդայի» հետ սերտորեն կապված 5 խմբավորման արմատական իսլամականների վրա: Խոսքը գնում է «Ալ-Քաիդան Արաբական թերակղզում», «Ալ-Քաիդան իսլամական Մաղրիբի երկրներում», «Մոհամմեդ Ջամալի ցանց» և «Անսար ալ-Շարիայի» լիբիական երկու մասնաճյուղերի մասին:
Նրանք բոլորն էլ ԱՄՆ-ի կողմից ճանաչվել են որպես ահաբեկչական կազմակերպություն: Հանձնաժողովի կարծիքով՝ տեղի ունեցածի համար մասնակիորեն մեղավոր է նաև ԱՄՆ պետդեպարտամենտը, որը տվյալ ժամանակ գլխավորել է Հիլարի Քլինթոնը: Պետդեպարտամենտի աշխատակիցները ուշադիր չեն գտնվել Բենղազիում ամերիկացի դիվանագետներին հասցեագրած սպառնալիքների հարցում:
Հանձնաժողովի անդամների մեծ մասը եկել է այն եզրակացության, որ հարձակումը հնարավոր է եղել կանխել: Սենատորները նաև պարզել են, որ հավելյալ թիկնազորից հրաժարվել է տվյալ ժամանակ Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը, ով զոհվել է Բենղազիում իրականացված այդ հարձակման հետևանքով: Միջադեպից ոչ շատ առաջ նա մերժել է զինվորականների առաջարկը, որոնք ցանկացել են երկարաձգել դեսպանատանը կցված հատուկ ստորաբաժանման առաքելությունը:
Սենատորներն ընդգծել են, որ հետախուզությունը պարզել է հարձակումն իրականացրածներից մեծ մասին ինքնությունը, սակայն նրանցից ոչ ոք դեռ ձերբակալված չէ: Նրանք դրանում մեղավոր են համարում օտար իշխանություններին, որոնց հետ ԱՄՆ-ը հարկադրված է համագործակցել, և որոնք գործում են դանդաղ և ոչ արդյունավետ:
2012 թվականի սեպտեմբերի 11-ին (2001 թվականի ահաբեկչության օրը) Բենղազիում ԱՄՆ հյուպատոսության վրա իրականացված հարձակման հետևանքո զոհվել է Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը և ևս երեք ամերիկացի: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 12-ին, հարձակման է ենթարկվել Բենղազիում ԿՀՎ-ի մասնաճյուղը, ինչի հետևանքով զոհվել է երկու սպա: