
Ֆրանսիայի առաջին տիկինն ինքնասպանության փորձ է կատարել. մամուլ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքացիական կին Վալերի Տրիերվեյլերը հոսպիտալացվել է՝ կապված դեղորայքի չափազանց մեծ չափաբաժին ընդունելու հետ: Այս մասին «Պուեն» պարբերականին հայտնել են նրա ազգականները:
Նրանք կտրականապես հերքել են այն, որ խոսքը գնում է ինքնասպանության փորձ կատարելու մասին. «Վալերին միայն ընդունել է մի քանի ավելորդ հաբ»: Նշվում է, որ նա այդ քայլին է գնացել նախորդ ուրբաթ Օլանդի հետ խոսակցությունից հետո, որում խոսք է գնացել նախագահի և դերասանուհի Ժյուլի Գայեի սիրային կապի մասին: Այդ կապի մասին բարձրաձայնել էր ֆրանսիական Closer պարբերականը:
«Պուենի» տվյալներով՝ դեղերն ընդունելու հաջորդ առավոտյան Տրիերվեյլերի մոտ սկսվել են ուժեղ փսխումներ, ինչից հետո նրան հոսպիտալացրել են: Հիվանդանոցում ընդգծել են, որ այդ ժամանակ նրա ճնշումը բավական ընկած է եղել, և որ նա ունեցել մռայլ տրամադրություն: Ֆրանսիական մամուլի պնդմամբ՝ Օլանդի սիրային նոր կապի մասին տեղեկատվությունը շոկային ազդեցություն է ունեցել Տրիերվեյլերի վրա: