Ռուսաստանը «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղով փոխադրելու է ղազախական ու թուրքմենական նավթը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղով փոխադրելու է ղազախական ու թուրքմենական նավթը: Այս մասին հայտնել է Դաղստանի պետական հեռուստատեսությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ ռուսական «Տրանսնեֆտ» ընկերությունն ուսումնասիրում է Մախաչկալայի նավահանգստի հզորությունն ընդլայնելու հնարավորությունը, որպեսզի այն ապահովի «Մախաչկալա-Նովոռոսիյսկ» նավթամուղի համար նավթի ընդունումը: Մախաչկալայի նավահանգիստ է հասնում ոչ միայն ռուսական, այլև՝ ղազախական ու թուրքմենական նավթը:

Նշվում է, որ նախորդ տարվա մայիսին Ռուսաստանը խզեց Ադրբեջանի հետ կնքած համաձայնագիրը, որն առնչվում էր իր տարածքով ադրբեջանական նավթի տարանցմանը:

Դրանից հետո ադրբեջանական SOCAR-ը կոմերցիոն նոր համաձայնագիր չստորագրեց ռուսական կողմի հետ: Փետրվարի սկզբին լրանում են ադրբեջանական նավթի տարանցման հարցով «Տրանսնեֆտի» ստանձնած բոլոր պարտավորությունները:

Հիշեցնենք, որ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի կառուցումը մեծ վնաս հասցրեց Մախաչկալայի մոտով անցնող «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղին՝ ադրբեջանական նավթի զգալի մասը շեղելով այդ երթուղուց:

Տեսանյութեր

Լրահոս