
Apple-ը համաձայնվել է մանկական գնումների համար 32.5 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել ծնողներին

Cyber Security-ի փոխանցմամբ՝ Apple ընկերությունը համաձայնվել է ԱՄՆ-ում իր հաճախորդներին վճարել 32.5 միլիոն դոլարի փոխհատուցում՝ App Store օնլայն-խանութից այսպես կոչված մանկական գնումների համար: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ այդ երեխաների ծնողները դատի են տվել iPhone-ի ու iPad-ի արտադրողին:
Այժմ Apple-ը համաձայնվել է փոխել իր քաղաքականությունը, որը ցայժմ հնարավորություն է տվել iOS սարքերի միջոցով առանց զգուշացման 15 րոպեի ընթացքում կատարել ամեն տիպի գնումներ՝ գաղտնաբառը մեկ անգամ հավաքելուց հետո:
Դա հանգեցրել է նրան, որ երբ ծնողները հավաքել են App Store-ի գաղտնաբառը և սարքերը տրամադրել են իրենց երեխաներին, որպեսզի նրանք կարողանան խաղեր խաղալ դրանցով, երեխաները հնարավորություն են ստացել 15 րոպեի ընթացքում, առանց որևէ իրազեկման, գնումներ կատարել օնլայն-խանութից, որոնց արժեքը երբեմն հասել է մինչև 100 դոլարի:
Այդ պատճառով ծնողները զրկվել են տասնյակ միլիոնավոր դոլարներից: Այժմ Apple-ը համաձայնվել է «ամբողջովին փոխհատուցել» ծնողների այդօրինակ ծախսերը: Apple-ի ղեկավար Թիմ Կուկը հայտարարել է, որ Apple-ն արդեն իսկ մոտ 37.000 նամակ է ստացել ԱՄՆ-ի քաղաքացիներից, որոնցում նրանք խնդրել են փոխհատուցել մանկական գնումների համար: