
Բժեզինսկին ուկրաինացիներին խորհուրդ է տվել ստեղծել ազգային միասնության հանձնաժողով (տեսանյութ)

Telegraf.by-ի փոխանցմամբ՝ ամերիկացի հանրահայտ քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին լրագրող Սերգեյ Լեշչենկոյին տված հարցազրույցի ժամանակ դիմել է «Եվրամայդանի» մասնակիցներին: Իր ուղերձում Բժեզինսկին իր հիացմունքն է հայտնել ուկրաինացիների հերոսության կապակցությամբ՝ գտնելով, որ նրանք կարևոր գործ են անում պատմության տեսանկյունից:
Բժեզինսկին կոչ է արել «Եվրամայդանը» օգտագործել որպես քաղաքական արդյունավետ գործիք. «Ես ողջունում եմ «Մայդանի» հերոս մարդկանց: Այն, ինչ անում եք դուք, կենսականորեն անհրաժեշտ է պատմության տեսանկյունից: Դա այն է, ինչն ընդգծում է ձեր ազգային ինքնությունը: Այժմ դուք պետք է դա վերափոխեք քաղաքական արդյունավետ գործիքի»:
Բժեզինսկին համոզված է, որ Եվրոպայի մասնիկը դառնալու ցանկությունը և միաժամանակ Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ պահպանելը կմիավորի բոլոր ուկրաինացիներին: Դրա հետ կապված՝ Բժեզինսկին խորհուրդ է տվել ստեղծել ազգային միասնության հանձնաժողով և արդյունքում հստակեցնել կոնկրետ առաջնորդների հարցը, որպեսզի հարցը ստանա արդյունավետ լուծում: