
Դոնոր երկրները սիրիացի փախստականների կարիքների համար հավաքել են ավելի քան 2.4 միլիարդ դոլար

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դոնոր երկրների ներկայացուցիչները սիրիացի փախստականներին օգնելու համար կարողացել են հավաքել ավելի քան 2.4 միլիարդ դոլար: Այս մասին երեկ Քուվեյթում անցկացված դոնոր երկրների կոնֆերանսի արդյունքներով հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:
Նա հայտարարել է, որ այդ օգնությունն անհրաժեշտ է միլիոնավոր սիրիացիներին, որոնք տառապում են իրենց երկրում ընթացող քաղաքացիական պատերազմի հետևանքներից:
Ավելի վաղ Մունը հայտարարել էր, որ բոլոր սիրիացիների կենսապայմաններն ընդունելի մակարդակի հասցնելու համար անհրաժեշտ է հավաքել առնվազն 6.5 միլիարդ դոլարի օգնություն:
Հարյուր հազարավոր սիրիացիներ պատերազմի պատճառով հարկադրված լքել են երկիրը և չափազանց ծանր պայմաններում բնակվում են հարևան Հորդանանում, Թուրքիայում, Լիբանանում ու Իրաքում փախստականների համար ստեղծված ճամբարներում: Սիրիայում պատերազմը շարունակվում է գրեթե 3 տարի, դրա հետևանքով զոհվել է ավելի քան 130.000 մարդ: