ԵՄ-ը հրապարակել է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ամբողջական տեքստը
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը հրապարակել է Ուկրաինայի հետ Ասոցացման ու ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ամբողջական տեքստը: Անգլերենով գրված այդ փաստաթղթի տեքստը երեկ տեղադրվել է Արտաքին քաղաքական գործունեության եվրոպական ծառայության (EEAS) կայքում:
ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ եվրոպական կողմն այդ քայլին գնացել է նրա համար, որպեսզի ցրի այն հերյուրանքները, որ Ասոցացման համաձայնագիրը «շահավետ չէ» Ուկրաինայի համար: Այժմ այդ փաստաթղթի բովանդակությունը մատչելի է բոլորին:
Սրանից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի բովանդակությունից ուկրաինացիների իրազեկվածության մասին, հայտարարել էր, որ Ուկրաինայում ոչ ոք չի կարդացել այն, իսկ եթե կարդան, ապա կտեսնեն, որ այնտեղ գրված է, որ «պետք է փակել արդյունաբերությունը, իսկ գյուղատնտեսությունը զարգացում չի ապրի»: