
Եգիպտոսում նոր Սահմանադրության նախագծի օգտին քվեարկել է ընտրողների 95 տոկոսը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 14-15-ին Եգիպտոսում հանրաքվե է անցկացվել նոր Սահմանադրության ընդունման շուրջ: Դրան մասնակցել է ընտրողների 55 տոկոսը, որոնց 95 տոկոսը կողմ է արտահայտվել նոր Սահմանադրության ընդունմանը:
Այս մասին այսօր առավոտյան հայտարարել է Եգիպտոսի ներքին գործերի նախարարի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով օգնական Աբդելֆաթթահ Օսմանը: Պաշտոնական արդյունքները հրապարակվելու են քվեարկության ավարտից 72 ժամ անց: Ընդհանուր առմամբ, քվեարկությանը կարող էր մասնակցել ավելի քան 52 միլիոն քաղաքացի:
Նոր Սահմանադրության նախագիծը բաղկացած է 247 հոդվածից: Եթե փաստաթուղթն արժանանա հավանության, ապա այն կարգելի կրոնական սկզբունքով քաղաքական կուսակցություններ ստեղծելն ու քաղաքական գործունեություն ծավալելը, ինչպես նաև երկիրը կզրկվի Խորհրդատվական խորհրդից (խորհրդարանի վերին պալատ):
Եգիպտոսի նախորդ Սահմանադրությունն ընդունվել է 2012 թվականի դեկտեմբերին և մեծ վեճերի տեղիք է տվել եգիպտական հասարակությունում: Այն չեղյալ է հայտարարվել զինվորականների կողմից, որոնք նախորդ տարվա հուլիսին գահընկեց արեցին իսլամական նախագահ Մոհամմեդ Մուրսիին: