Աշխատանքային ներգաղթյալներն առաջարկում են միավորել Միջին Ասիան
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Միջին Ասիայի ժողովուրդներին առաջարկել են միավորվել քաղաքական մեկ ամբողջության մեջ: Համապատասխան նախաձեռնությամբ հանդես է եկել ռուսական «Տաջիկ աշխատանքային ներգաղթյալներ» շարժման նախագահ Կարոմատ Շարիպովը:
Նա ընդգծել է, որ Միջին Ասիան վաղուց հանդիսանում է գերտերությունների մրցակցության գոտի, և որ տվյալ տարածաշրջանում բնակվող ժողովուրդների մասնատվածությունն օտարներին հնարավորություն է տալիս ամայացնել իրենց բարեբեր հողերը և գերիշխել միջինասիական ժողովուրդներին:
Շարիպովը կարծում է, որ ներկայումս իրենք արտաքին ու ներքին թշնամիներին թույլ են տալիս ցեղային ու էթնիկական պատկանելության հիմքի վրա հակասություններ հրահրել իրենց միջև:
Շարիպովի խոսքերով՝ միջինասիական հանրապետությունների ներկայիս սահմանները հանդիսանում են կամայական, ինչն այդ ժողովուրդների վզին փաթաթվել է ԽՍՀՄ-ի ստեղծման ժամանակ, ինչն էլ առաջացնում է տարածքային հավակնություններ ու հակամարտություններ:
Շարիպովը միավորման համար որպես մոբիլիզացիոն գործոն հիշատակել է կրոնական ընդհանրությունը՝ իսլամ: Շարիպովի հայտարարությունն ուղղված է Տաջիկստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի ու Ղազախստանի նախագահներին: Դրա համար առիթ է ծառայել ոչ վաղ անցյալում Ղրղզստանի ու Տաջիկստանի միջև ծագած սահմանային վեճը: