
Թուրքիայում որոշել են վերանորոգել հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերանորոգվելու է Սվազի (Սեբաստիա) նահանգում գտնվող Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին, որը ներկա դրությամբ գտնվում է 5-րդ հետևակային ուսումնական բրիգադի հրամանատարության տարածքում:
Այս մասին գործակալության թղթակցին հայտնել է նահանգի ղեկավարության գլխավոր քարտուղար Սալիհ Այհանը: Վերջինիս խոսքերով՝ եկեղեցու վերանորոգումն իրականացվելու է Պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի իրազեկվածության պայմաններում և Սվազի նահանգապետ Զյուբեյիր Քեմելեքի հրամանով:
Պլանավորված է եկեղեցին օգտագործել մշակութային նպատակով: Դրա հետ կապված՝ եկեղեցին դուրս է բերվելու զինվորականների վերահսկողության տակից: Այհանը նշել է, որ եկեղեցու հարևանությամբ գտնվում է հայկական գերեզմանոց, ուր ամեն տարի այցելում են Թուրքիայի քաղաքացի հայերը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին թուրքական մամուլը գրել էր, որ թուրք զինվորականները լքում են Սվազի Սուրբ Գևորգ եկեղեցու տարածքը: