Թուրք զինվորականները լքում են Սվազի Սուրբ Գևորգ եկեղեցու տարածքը
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ կրոնական փոքրամասնություններին նրանց պատկանած գույքը վերադարձնելու նախաձեռնությամբ հանդես են եկել զինվորականները: Խոսքը գնում է Սվազի (Սեբաստիա) Սուրբ Գևորգ եկեղեցու մասին:
Դրա տարածքում տեղակայված է 5-րդ հետևակային ուսումնական բրիգադի հրամանատարությունը, որը լքելու է եկեղեցու տարածքը: Եկեղեցին պետք է վերանորոգվի և փոխանցվի Սվազի հայերի բարեկամների միությանը: Վերջինիս նախագահ Սեբուկ Քոչաքը թերթին հայտնել է, որ եկեղեցին 1940-ական թվականներից գործածվում է զինվորական նպատակներով:
Քոչաքը գոհունակություն է հայտնել, որ կայացվել է նման որոշում՝ ընդգծելով, որ իրենք ներկայումս անգամ չունեն աղոթատեղի, մինչդեռ 1915 թվականից առաջ Սվազում և նրա շրջանում եղել է 198 եկեղեցի ու 21 վանք: Քոչաքը հիշեցրել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը սվազցի և նպաստել է եկեղեցուց զինվորականների հեռանալու որոշման կայացմանը:
Քոչաքի խոսքերով՝ եկեղեցին չի ենթարկվել գանձեր որոնողների հարձակումներին, քանի որ վերջին 73 տարում գտնվել է զինվորականների վերահսկողության տակ: Նա ընդգծել է, որ իրենք ակնկալում են կարճ ժամանակահատվածում ավարտել եկեղեցու վերանորոգումը: