
Ժերար Դեպարդիեն ստեղծել է իր ավիաընկերությունը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն ստեղծել է իր ավիաընկերությունը, որը ներկայումս ունի միայն մեկ բիզնես դասի ինքնաթիռ: Այս մասին հայտնել են բելգիական ԶԼՄ-ները:
Դեպարդիեն իր ավիաընկերությունն անվանակոչել է Cyran R՝ ի պատիվ ֆրանսիացի պոետ Սիրանո դե Բերժերակի, որի դերը նա խաղացել է նույնանուն ֆիլմում: Դեպարդիեն մտադիր է իր օդանավը վարձակալությամբ տալ, երբ անձնական նպատակներով չի օգտվի դրանից: Օդանավը կուղարկվի Բելգիայից ոչ հեռո գտնվող Ֆրանսիայի Լիլլ քաղաքի օդանավակայան:
Դեպարդիեն մտադիր է մոտ ժամանակներս ռեստորան բացել Բելգիայում, ուր նա արդեն իսկ բացել է անշարժ գույքի գործակալություն: Բացի այդ, Դեպարդիեն ռեստորաններ ունի Փարիզում, և գինեգործական տնտեսություններ՝ Ֆրանսիայում ու Բելգիայում:
Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հաստատեց «շքեղության հարկի» սահմանումը: Խոսքը գնում է 1 միլիոն եվրոյից ավելի եկամուտ ունեցողներին 75 տոկոսով հարկելու մասին: Հենց այդ հարկն է Դեպարդիեին հարկադրել լքել Ֆրանսիան: