Սիրիայում ավելի քան 2 միլիոն երեխա չի հաճախում դպրոց. Բան Կի Մուն
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Քուվեյթում ընթացող Սիրիայի դոնոր երկրների միջազգային երկրորդ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի ներքին զինված հակամարտությունը վիթխարի վնաս է պատճառել այդ երկրների տնտեսությանը և երբեմնի զարգացած ենթակառուցվածքներին.
«Ժամանակին Սիրիան ուներ առողջապահական զարգացած ենթակառուցվածքներ: Ներկայումս (հիվանդանոցների) 40 տոկոսը չի գործում: Մի շարք շրջաններում բժիշկների կեսը ստիպված է եղել փախչել, երբ նրանք այլևս անհրաժեշտ չեն եղել:
Սիրիայում ավելի քան 2 միլիոն երեխա չի հաճախում դպրոց, հազարավորները քաղցած են և տառապում են ցրտերից, զրկված են խմելու ջրից: Մեկ տարի առաջ մենք հավաքվեցինք այստեղ, և իրավիճակը Սիրիայում ծայրահեղ լուրջ էր: Մեկ տարի անց մենք կանգնած ենք տարածաշրջանային ճգնաժամի, հումանիտար ճգնաժամի առջև»:
Մունի տվյալներով՝ Սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է ՄԱԿ-ի 14 աշխատակից: 2013 թվականի հունվարին տեղի ունեցած ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացված առաջին կոնֆերանսում հաջողվել էր Սիրիայի ժողովրդի կարիքների համար հավաքել 1.5 միլիարդ դոլար: Այս տարի ՄԱԿ-ի տվյալներով սիրիացիներին օգնելու համար անհրաժեշտ է ռեկորդային 6.5 միլիարդ դոլար:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը սիրիացի փախստականների անհապաղ կարիքների համար կհատկացնի հավելյալ 380 միլիոն դոլար: Քերիի խոսքերով՝ հակամարտության սկսվելուց հետո սիրիացիներին ԱՄՆ-ի հատկացրած օգնության ծավալն արդեն իսկ անցել է 1.7 միլիարդ դոլարից: