Ջրծաղիկից մահացած զինծառայողի գործով ամբաստանյալները միջնորդել են իրենց նկատմամբ համաներում կիրառել և կարճել քրեական գործը
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան գործով դատական նիստը: Դատական նիստին ներկա չէին դատախազ Անահիտ Եղիազարյանն ու տուժողի հայրը՝ Մովսես Խաչատրյանը, ինչպես նաև նրա ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը:
Տուժող կողմը դատական վերջին երկու նիստերին չէին ներկայացել: Գործով երկու ամբաստանյալներ Մինաս Մկրտչյանն ու Միքայել Միքայելյանը դատարանին միջնորդել էին իրենց նկատմամբ համաներում կիրառել և կարճել իրենց դեմ հարուցված քրեական գործը: Դատարանը հեռացել էր որոշում կայացնելու, սակայն որոշել էր դատաքննությունը վերսկսել և լսել տուժող կողմի դիրքորոշումը գործով ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառելու մասին միջնորդության վերաբերյալ: Դատավոր Վլադիմիր Գրիգորյանը որոշում կայացրեց նիստը հետաձգել և նշանակել փետրվարի 6-ին:
Դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Մինաս Մկրտչյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը ներկայացրեց պաշտպանության նախարարություն կատարված իր հարցման պատասխանը. պաշտպանը հետաքրքրվել էր՝ արդյոք նախարարության կողմից փոխհատուցում տրվե՞լ է տուժող կողմին: Պաշտպանության նախարարությունից պատասխանել էին, որ Հայկ Խաչատրյանի ընտանիքին կառավարության որոշմամբ հատկացվել է հուղարկավորման և գերեզմանի բարեկարգման, տապանաքարերի պատրաստման, տեղադրման ծախսերը՝ 700 հազար և 1 մլն 400 հազար դրամ: Պաշտպանն ասաց, որ ըստ ՊՆ պատասխանի՝ Հայկ Խաչատրյանի ընտանիքին նշանակվել է 30 հազար դրամ ամենամսյա դրամական օգնություն: Միքայել Միքայելյանի պաշտպան Լևոն Պողոսյանն էլ խնդրեց դատարանին նախ ճշտել տուժող կողմը երբ է ներկայանալու դատական նիստին, ապա միայն նիստ նշանակել: