
Եգիպտոսում մեկնարկել է նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի երկրորդ օրը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսում մեկնարկել է նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի երկրորդ օրը: Երեկվա նման ընտրատեղամասերը քվեարկության համար բացվել են տեղական ժամանակով ժամը 09.00-ին:
Եգիպտոսի արդարադատության նախարարության տվյալներով՝ հանրաքվեի առաջին օրը գրանցվել է բարձր մասնակցություն, հանրաքվեին արդեն իսկ մասնակցել է ընտրողների կեսից ավելին: Շատ ընտրատեղամասեր երեկ երեկոյան իրենց աշխատանքը շարունակել են «մինչև վերջին ընտրողը» նաև ժամը 21.00-ից հետո, երբ պետք է պաշտոնապես ավարտվեր քվեարկությունը:
Հանրաքվեի հետ կապված՝ իշխանությունները ձեռնարկել են անվտանգության լուրջ միջոցառումներ՝ ընտրողներին պաշտպանելու և իսլամականների կողմից սադրանքները կանխելու համար: Ընտրատեղամասերի մոտ վնասազերծվել են ռումբեր ու ինքնաշեն պայթուցիկներ: Կահիրեի դատարանի մոտ առավոտյան պայթյուն է գրանցվել, սակայն տուժածներ չկան:
Հանրաքվեն բոյկոտած «Մուսուլման եղբայրներ» շարժման և անվտանգության ուժերի միջև գրանցված երեկվա բախումներում զոհվել է 10 մարդ: Առավել ուժեղ բախումները գրանցվել են Եգիպտոսի հարավում: