2013 թվականին Ֆրանսիայում գրանցվել է մոտ 7000 միասեռ ամուսնություն
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայում միասեռ ամուսնությունների թույլտվության մասին օրենքի ընդունումից գրանցվել է մոտ 7000 այդպիսի ամուսնություն:
Դա կազմում է 2013 թվականին Ֆրանսիայում գրանցված ընդհանուր ամուսնությունների (238.000 ամուսնություն) միայն 2.95 տոկոսը: Այս տվյալները հրապարակել է Վիճակագրության ու տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը:
Վերջինիս տվյալներով՝ նոր օրենքից օգտվելու ցանկություն հայտնած ֆրանսիացիների մոտ 60 տոկոսը տղամարդիկ են: Միասեռ ամուսնությունների մասնակիցների միջին տարիքը տղամարդկանց դեպքում կազմել է 50 տարեկան, իսկ կանանց դեպքում՝ 43 տարեկան:
Սովորական ամուսնությունների դեպքում դա կազմում է համապատասխանաբար 37 և 34 տարեկան: 2012 թվականին Ֆրանսիայում ստեղծվել է 246.000 նոր ընտանիք: 2005 թվականից Ֆրանսիայում նկատվում է տարվա կտրվածքով ամուսնությունների քանակի անկում:
2013 թվականի մայիսին Ֆրանսիան դարձավ աշխարհի 14-րդ երկիրը, ով օրինականացրեց միասեռ ամուսնությունները: Դրանից հետո առաջին միասեռ ամուսնությունը գրանցվեց Մոնպելյե քաղաքում, մայիսի 29-ին: