Մի քիչ հյուծված էր, բայց ամբողջովին նույն Շանթն էր
Շանթ Հարությունյանի կինն ու որդին այսօր այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» և հանդիպել Շ. Հարությունյանին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա կինը՝ Ռուզաննա Բադալյանը: Վերջինս տեղեկացրեց, որ Շ. Հարությունյանի վիճակը նորմալ էր՝ չնայած նա հյուծված էր ու գունատ: Ռուզաննա Բադալյանն ասաց, որ իրենք բավական երկար ժամանակ մնացել են Շանթ Հարությունյանի մոտ, զրուցել նրա հետ. «Բացի այն, որ ինքը մի քիչ հյուծված էր, մնացածն ամբողջովին նույն Շանթն էր»: Կնոջ փոխանցմամբ՝ Շանթ Հարությունյանն այն կարծիքին է, որ Հայաստանում հեղափոխություն պետք է իրականացվի, մտածում է, որ ժողովուրդը պետք է դուրս գա և նվաճի իր ազատությունը: Ռուզաննա Բադալյանն ասաց, որ հայտնի չէ՝ որքա՞ն ժամանակ Շանթ Հարությունյանը կմնա «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում. «Ինքը դեռ շատ հյուծված է, և ինձ թվում է՝ կազդուրման երկար ժամանակ կպահանջվի»: Նշենք, որ նոյեմբերի 5-ից, երբ Շանթ Հարությունյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց, նրա հարազատները հնարավորություն չեն ունեցել տեսակցել նրան. նախաքննական մարմինն արգելել էր տեսակցություններն ու հեռախոսազանգերը: Տեսակցությունների արգելանքը հանվել է այսօր: Շանթ Հարությունյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ էր տեղափոխվել հունվարի 9-ին՝ հացադուլի 16-րդ օրը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի