
Մոսկվայի իշխանություններն արգելել են վերաբացել Բիրյուլևոյի բանջարեղենի բազան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի կառավարությունը վստահեցրել է, որ Բիրյուլևոյի բանջարեղենի բազան նախկին տեսքով չի վերսկսի իր աշխատանքը: Այս մասին հայտարարել է մայրաքաղաքի ապրանքների ու ծառայությունների դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը:
Վերջինիս խոսքերով՝ բազայի տարածքի պահեստները չեն բացվելու. «Բոլորը հիանալի իրենց հաշիվ են տալիս, որ բազայի աշխատանքների վերսկսումը կհանգեցնի սոցիալական որոշակի լարվածության առաջացմանը»: Նա հավելել է, որ օբյեկտը ձևականորեն ունի աշխատելու իրավունք:
Նեմերյուկը չի բացառել, որ Մոսկվայի կառավարությունը կարող է դիտարկել այդ օբյեկտի գնման հնարավորությունը: Բիրյուլևոյի բազայում ստուգումներ սկսվեցին այն բանից հետո, ինչ այնտեղ նախորդ տարվա հոկտեմբերի կեսերին ջարդեր կազմակերպեցին ազգայնականները՝ կապված ադրբեջանցի Օրհան Զեյնալովի կողմից 24-ամյա ռուս Եգոր Շչերբակովին սպանելու հետ: