
ԵՄ-ը կարող է ունենալ Իրանի գծով հատուկ ներկայացուցիչ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչները քննարկում են Իրանի գծով ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնի ստեղծման հարցը: Չի բացառվում նաև, որ Թեհրանում բացվի ԵՄ-ի դեսպանատուն: Այս մասին գործակալությանը հայտնել է Բրյուսելում նրա դիվանագիտական աղբյուրը:
Վերջինիս խոսքերով՝ Թեհրանում հավատարմագրված ԵՄ-ի երկրների դիվանագետները ԵՄ-ի անվտանգության քաղաքականության ու արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին առաջարկում են հիմնել Իրանի գծով հատուկ ներկայացուցչի պաշտոն կամ էլ դիվանագիտական ներկայացուցչություն բացել Թեհրանում:
Ակնկալվում է, որ հունվարի 20-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ-ի անդամ 28 երկրների արտգործնախարարների նիստում որոշում կընդունվի Իրանի հանդեպ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցային ռեժիմի վերանայման մասին՝ կապված Իրանի ու «Վեցյակի» միջև տարվող բանակցություններում առաջընթաց գրանցվելու հետ:
Սրանից առաջ հաղորդվել է, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնին հրավիրել է Իրան, ինչն ընդունվել է նրա կողմից: Քեթրին Էշթոնն Իրան կայցելի առաջիկա շաբաթներին: