«Ժառանգությունում» սպասում են Թևանի որոշմանը
Երեկ 168.am-ը հրապարակել էր մի տեղեկություն, ըստ որի՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի օր առաջ հանդիպել է կուսակցության ակտիվի հետ և հայտարարել, որ այլևս ցանկություն չունի զբաղվել քաղաքական գործունեությամբ, մտադիր է մշտական բնակության մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ և այդ հիմնավորմամբ՝ այլևս մտադիր չէ զբաղեցնել կուսակցության վարչության նախագահի պաշտոնը: Այսօր hրավիրված մամուլի ասուլիսում «Ժառանգության» վարչության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ինչպես և կարելի էր սպասել, հերքեց այս տեղեկությունը: «Մեր հավաքը տեղի է ունեցել հունվարի 5-ին, խոսել են խնդիրներից, բայց հավատացնում եմ ձեզ` նման հայտարարություններ չեն եղել»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Լրագրողները Ստեփան Սաֆարյանից հետաքրքրվեցին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներսում ներկայումս տիրող իրավիճակի վերաբերյալ: Հարցին`«ինչո՞ւ է «Ժառանգություն» խմբակցությունը հայտնվել այսպիսի տխուր վիճակում», Ստյոպա Սաֆարյանն այսպես պատասխանեց. «Եթե ուզում եք, ևս մեկ անգամ կկրկնեմ. այո, մենք սխալ որոշում ենք կայացրել, դրա մասին խոսել է կուսակցության առաջնորդը` Րաֆֆի Հովհաննիսյանը, և դրա պտուղները մինչ այժմ ենք քաղում: Անկեղծ ասած` դրա մասին անընդհատ խոսելը բացարձակապես հաճելի չէ: Կան սխալներ, որոնցից այդքան արագ չես կարող ազատվել»:
Ստյոպա Սաֆարյանը հույս հայտնեց, որ Թևան Պողոսյանը կհետևի Րաֆֆի Հովհաննիսյանի հորդորին և վայր չի դնի իր մանդատը: «Կարծում եմ` Թևան Պողոսյանը մինչև փետրվարի վերջ մտածելու ժամանակ ունի»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա աշնանը խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հրաժարվեց իր պաշտոնից, որից հետո խմբակցության ղեկավար դարձավ Զարուհի Փոստանջյանը, ով 5 ամսով մեկնելու է ԱՄՆ` ուսման նպատակով: Իսկ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն Ամանորի նախաշեմին հայտարարեց, որ մտադիր է վայր դնել իր պատգամավորական մանդատը, ինչի հետևանքով խմբակցությունում ստեղծվեց անորոշ իրավիճակ: Դրա պատճառը հետևյալն է. Թևան Պողոսյանի փոխարեն՝ մանդատը կարող է վերցնել ԱԺ ընտրություններում «Ժառանգության» ցուցակում այժմ «Ժառանգության» հետ քաղաքական կապերը խզած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Մասիս Այվազյանը: Իսկ վերջինիս ընտրական ցուցակում հաջորդում է հենց Ստյոպա Սաֆարյանը` «Ժառանգություն» կուսակցությունից:
Մեր հարցին, թե ավելի շատ ո՞ր հարթությունում է դիտարկում մանդատի հարցը` իրավակա՞ն, թե՞ բարոյական, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Միանշանակ քաղաքական և բարոյական խնդիր է, որովհետև, ներեցեք, անգամ անզեն աչքով է երևում այն բալանսը, որը դրված է եղել (ԱԺ նախընտրական.- Ա.Ս.) ցուցակում` 40-40-20: 40-ը՝ «Ազատ դեմոկրատներից», 40-ը՝ «Ժառանգությունից»: Եվ եթե հիմա իրենք գտնում են, որ բարոյական է, որ «Ժառանգություն» խմբակցությունում ունենան մեծամասնություն, այն դեպքում, երբ ընտրություններին բացարձակապես տարբեր են եղել ներդրումները` կատարած աշխատանքը, ստանձնած բեռը և նաև ունեցած կապիտալը… իմ գնահատականը հենց սրա վրա է հենվում»: