Րաֆֆին «Ժառանգությունը» հանձնում է Արմեն Մարտիրոսյանի՞ն
Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է հստակություն մտցնել իր և «Ժառանգություն» կուսակցության հարաբերություններում: 168.am-ի տեղեկություններով՝ օրերս կուսակցության ակտիվի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ այլևս ցանկություն չունի զբաղվել քաղաքական գործունեությամբ, ավելին, մտադիր է մշտական բնակության մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, և այդ հիմնավորմամբ այլևս մտադիր չէ զբաղեցնել կուսակցության վարչության նախագահի պաշտոնը: Հովհաննիսյանը հայտարարել է, որ ինքը նպատակահարմար է գտնում, որ կուսակցության նախագահ դառնա այս պահին նախագահի տեղակալ Արմեն Մարտիրոսյանը: Ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ կուսակցության նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել Զարուհի Փոստանջյանին, սակայն դրա դեմ արտահայտվել է կուսակցության վարչության անդամների զգալի մասը:
2013թ. հոկտեմբերից Րաֆֆի Հովհաննիսյանը բացակայում էր Հայաստանից, և նրա տևական բացակայությունն առիթ տվեց, որ խոսակցություններ տարածվեն, թե դա կապված է նրա հիվանդության և բուժման հետ: Նրա կուսակիցները չէին հերքում այս խոսակցությունները, քանի որ այլ տրամաբանական բացատրություն այդ բացակայությանը հնարավոր չէր տալ: Ընդամենը մի քանի ամիս առաջ նախագահական ընտրություններին մասնակցած և ընտրողների գրեթե 37 տոկոսի ձայները ստացած և իրեն ընտրություններում ընտրված նախագահ հռչակած թեկնածուն ամիսներով բացակայում է Հայաստանից՝ առանց որևէ լուրջ պատճառաբանության: Րաֆֆի Հովհաննիսյանը երևի ինքն էլ է հասկանում, որ սա այնքան էլ նորմալ երևույթ չէ, և որոշել է օրինականացնել իր բացակայությունը: Իսկ դա կարող է տեղի ունենալ կուսակցության ղեկավարի պաշտոնը թողնելու միջոցով:
Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի քաղաքական կյանքից հեռանալու բավական լուրջ շարժառիթ ունի. մեր տեղեկություններով՝ նախագահական ընտրություններից հետո նրա ֆինանսավորումը դադարեցվել է: Ո՞ւմ է այլևս հետաքրքրում ընտրություններում պարտված և ոստիկանապետի հետ համատեղ աղոթած Րաֆֆի Հովհաննիսյանը, որ նրան այդքանից հետո ֆինանսավորեն: Նա ինքն էլ է հայտարարել, որ այլևս մտադիր չէ մասնակցել նախագահական ընտրություններին: Ի՞նչ իմաստ ունի ֆինանսավորել մի մարդու, ով դադարել է քաղաքական ամբիցիաներ ունենալ: Մանավանդ, որ այդ քաղաքական գործիչն այլևս չի կարող հավակնել հանրության վստահությանը և աջակցությանը և սպառել է իրեն՝ որպես քաղաքական առաջնորդ:
Ըստ մեր աղբյուրների՝ Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է վաճառել Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի շենքը: Այն Հովհաննիսյանը գնահատում է 1,5 միլիոն դոլար:
Այս տեղեկությունները ճշտելու նպատակով մենք դիմեցինք «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին: Վերջինս հայտարարեց, որ տեղյակ չէ վերոնշյալ խոսակցություններին, կուսակցությունը ղեկավարել և շարունակում է ղեկավարել Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այլ բան Արմեն Մարտիրոսյանը, ըստ էության, չէր էլ կարող ասել, քանի որ որպես կուսակցության փոխնախագահ՝ նա չէր կարող հրապարակայնացնել մասնավոր խոսակցությունը և առաջ ընկնել իրադարձություններից: Մարտին տեղի է ունենալու «Ժառանգության» համագումարը, և ընտրվելու է նոր վարչություն: Վարչությունն իր հերթին՝ պետք է ընտրի նոր նախագահ: Ենթադրվում է, որ հենց այդ ժամանակ էլ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն կուսակցության վարչության նոր նախագահ կընտրվի Արմեն Մարտիրոսյանը: Ըստ մեր աղբյուրների, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ ինքը մտադիր է հեռանալ կուսակցության ղեկավարումից և այն հանձնել Արմեն Մարտիրոսյանին, վերջինս հարցրել է, թե ինչպե՞ս պետք է լուծվի կուսակցության ֆինանսավորման հարցը, ինչին Հովհաննիսյանը պատասխանել է, որ այդ հարցը պետք է լուծեն կուսակցության ղեկավարումը ստանձնած գործիչները:
Եթե Րաֆֆի Հովհաննիսյանին փոքր-ինչ մտահոգեր իր կուսակից ընկերների հետագա ճակատագիրը, նա կարող էր վարձակալության տալ Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնը և այդ գումարն ուղղել կուսակցության ֆինանսավորմանը: Բայց քանի որ նա որոշել է վաճառել շենքը, կուսակից ընկերները հակված են մտածելու, որ նա հեռանում է ընդմիշտ և անվերադարձ: