
Ավտոապահովագրողների բյուրոն՝ վարորդներին. Մի´ հետաձգեք ԱՊՊԱ պայմանագրի կնքումը

Հաշվի առնելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հիշեցնում է, որ 2014 թվականի հունվարի 1-ից ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տևում է ավելի քան տասն օր` առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` 5,000 ՀՀ դրամ, իսկ ճանապարհային ոստիկանության կողմից վարչական պատասխանատվություն կիրառվելու է պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) շտեմարանում առկա տեղեկատվության միջոցով:
Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն խորհուրդ է տալիս ավտովարորդներին՝ նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու գործընթացը չհետաձգել մինչև նախկին պայմանագրի ժամկետի ավարտը, այլ կնքել պայմանագիր նախապես, նախորդ պայմանագրի ավարտից առնվազն տասն օր առաջ: Նախօրոք կնքելով ԱՊՊԱ պայմանագիր` ավտովարորդները կխուսափեն ինչպես անցանկալի տուգանքներից, այնպես էլ ապահովագրական ընկերություններում սպասվելիք հերթերից: