Չսպասելով Ղարաբաղում պատերազմի վերսկսմանը՝ ադրբեջանցիները մեկնում են Սիրիա. Turan

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չի դադարում Սիրիայում պատերազմող ադրբեջանցիների մասին տագնապահարույց տեղեկությունների հոսքը: Ժամանակ առ ժամանակ Բաքու են բերվում Սիրիայում սպանված ադրբեջանցի մոջահեդների դիակները:

Տարբեր տվյալներով՝ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի զորքերի դեմ հանդես է գալիս մոտ 250 ադրբեջանցի: Ողջ (սիրիական) պատերազմի ընթացքում զոհվել է մոտ 100 ադրբեջանցի: Սիրիայում պատերազմող ադրբեջանցիները նախորդ տարվա մայիսին հերթական անգամ տեսաուղերձ էին տարածել՝ իրենց հայրենակիցներին կոչ անելով «ջիհադ իրականացնել Սիրիայում»:

Կովկասի մուսուլմանների վարչությունից չհաջողվեց ճշտել նրա դիրքորոշումը դրա նկատմամբ: Սակայն հաջողվել է ճշտել այն, որ Ադրբեջանի օրենքներով, երկրի քաղաքացիների մասնակցությունն օտար երկրում ցանկացած զինված ջոկատներին, որոնք չեն ենթարկվում Ադրբեջանի պաշտոնական կառույցներին, հանդիսանում է քրեական ծանր հանցագործություն և որակվում է որպես վարձկանություն:

Ադրբեջանական լրատվամիջոցն ընդգծում է, որ այդ անձինք, չսպասելով Ղարաբաղում պատերազմի վերսկսմանը, մեկնում են Սիրիա: Ադրբեջանում հայտնի աստվածաբան, իսլամի մասին մի շարք գրքերի հեղինակ Թեյմուր Աթաևը չի կարծում, թե նրանք Սիրիայում պատերազմում են հավատի համար.

«Նրանք կարող են կարծել, որ Սիրիայում զբաղվում են ջիհադով: Սակայն բանն այն է, որ սիրիական իրադարձությունները չափազանց քաղաքականացված են: Ինչպես հայտնի է, Ասադի դեմ պատերազմին մասնակցում են նաև համաշխարհային ուժերը, որոնք ունեն իրենց՝ իսլամից հեռու, նպատակները:

Հայտնի չէ, թե ով է Սիրիայում ֆինանսավորում ադրբեջանցիներին, ում զենքերից են օգտվում նրանք: Ասադի դեմ նրանց պատերազմում չկան ջիհադի նշաններ, քանի որ Սիրիան ադրբեջանական տարածք չէ, որը պետք է պաշտպանել զավթիչներից: Սիրիան պատերազմ չի մղում իսլամի դեմ:

Մյուս կողմից էլ սիրիական պատերազմը մղվում է քաղաքներում, ընդ որում՝ զոհվում են խաղաղ բնակիչներ, որոնք չեն մասնակցում պատերազմին: Չի բացառվում, որ Սիրիայում ադրբեջանցիների ձեռքով զոհվում են անմեղ խաղաղ բնակիչներ:

Այդ ամենը ջիհադի նշան չէ: Այդ մարդկանց պետք է բացատրել, որ զոհվելով օտար հողում՝ նրանք իրենց հետևից թողնում են դժբախտ ու միայնակ իրենց երեխաներին, կանանց ու ծնողներին»:

Տեսանյութեր

Լրահոս