Հրայր Թովմասյանը դուրս եկավ ավտոմեքենայից, երբ ակցիայի մասնակիցները սկսեցին բղավել՝ «Ամո՛թ»
Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս կալանավորների անցկացվող երթի մասնակիցները քիչ առաջ ՀՀ կառավարության շենքի դիմաց էին։ Երբ ակցիայի մասնակիցները հնչեցնում էին իրենց կոչերը՝ կառավարության շենքից դուրս եկավ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։ Վերջինս, երբ նստեց իր ավտոմեքենան, ակցիայի մասնակիցները սկսեցին բղավել՝ «Ամո՛թ»։
Արդարադատության նախարարը դուրս եկավ իր ավտոմեքենայից և ակցիայի մասնակիցներից հետաքրքրվեց, թե ո՞ւմ էին վերջիններս ամոթանք տալիս։ Լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարարն ասաց, որ Շանթ Հարությունյանը երեկ իր հանձնարարությամբ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։
«Որովհետև Շանթ Հարությունյանը ինձ համար կալանավոր է և ունի առողջական խնդիրներ՝ կապված իր հացադուլի հետ։ Եվ հիվանդանոցում ինքը կարող գտնվել ինտենսիվ հսկղոթյան ներքո»։
Հրայր Թովմասյանն ասաց, որ ինքը Շանթ Հարությունյանի առողջության պատասխանատուն է, և ամեն ինչ անելու է, որպեսզի նրա առողջությանը որևէ բան չսպառնա։
Հրայր Թովմասյանի խոսքով՝ նման բողոքի ակցիաները քաղաքացիական հասարակության դրսևորումներն են։ Նորմալ է, որ նրանք պայքարում են։ «Շատ նորմալ է, որ իշխանությունը համարժեք պատասխանում է։ Այսինքն` ի՞նչ եք ուզում, բոլորին չթողնենք այստեղ հավաքվեն։ Ասենք, որ այս երկրում ամեն ինչ նորմալ է, ոչ-ոք չի կարող ինչ-որ բան անել՝ նորմա՞լ է։ Քաղաքացիական հասարակությունը, այս բողոքը, նախարարի այսպես դուրս գալը և պատասխանելը քաղաքացիական հասարակության և երկրի կայացվածության դրսևորում է»։
Հրայր Թովմասյանն ասաց, որ Շանթ Հարությունյանի տեսակցությունները հարազատների հետ արգելել է նախաքննական մարմինը և ինքը չի կարող պատասխանել հարցին՝ որքանո՞վ է դա օրինական։